Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՐԶԻ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
31.03.2022
Մարտի 31-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարզպետարանում անցկացրել է խորհրդակցություն, որի առանցքում մարզի առողջապահական հիմնարկների աշխատանքն ու խնդիրներն էին։
Ներկա էին մարզի բոլոր բժշկական կենտրոնների, Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի, առողջության առաջնային պահպանման կենտրոնների, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի,
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մարզային պատասխանատուները, մարզպետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետը, Առողջապահության բաժնի մասնագետները։
Հանդիպումն առաջին հերթին ճանաչողական նպատակ ուներ, այդուհանդերձ, քննարկվեցին նաեւ ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ եւս։
Անդրադարձ եղավ մարզում նոր կորոնավիրուսային հիվանդության ու դրա դեմ պատվաստումների վիճակագրությանը։
Տնօրեններից յուրաքանչյուրը ներկայացրեց իր ղեկավարած կազմակերպությունն ու առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները։
Խոսվեց նաեւ մարզի բուժհիմնարկների համար միշտ արդիական՝ նեղ մասնագետների բացակայության, Մեղրու ԲԿ-ի ջեռուցման հարցի, գյուղական բնակավայրերի բուժակ-մանկաբարձական կետերի պայմանների բարելավման ու վերազինման անհրաժեշտության, տրանսպորտային միջոցների սակավության մասին։
Քննարկվեցին առողջապահական համակարգին վերաբերող կազմակերպական, ֆինանսական, իրավական մի շարք այլ խնդիրներ, որոնց Ռոբերտ Ղուկասյանը խոստացավ առավել մանրամասնորեն անդրադառնալ առանձին հանդիպումների ու այցերի ընթացքում։