Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԵՄ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

12.04.2022

Ապրիլի 12-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է ՀՀ-ում  Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերին ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից Սյունիքում իրականացվելիք ծրագրի (ԵՄ աջակցությամբ) միջազգային ու հայ («Սիվիտտա Հայաստան») փորձագետների խմբին։

Հյուրերը նախ ներկայացրին  նախատեսվող «Դիմակայունություն, վերականգնում եւ զարգացում Սյունիքի մարզի համար» խոշոր ծրագիրը, այնուհետեւ մարզի ղեկավարից ու մարզպետարանի մասնագետներից ցանկացան լսել դրա շրջանակներում այն ծրագրային ուղղություններն ու առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները, որոնք իրենք հաշվի կառնեն՝ դրա  ռազամավարությունն ու բաղադրիչները մշակելիս։

Նշվեց, որ ծրագիրը առանձնահատուկ նախանշվել է միայն Սյունիքի մարզի համար՝ հաշվի առնելով այս առումով ՀՀ կառավարության՝ Սյունիքին առաջնահերթություն տալու քաղաքականությունը։

Ծրագիրն ուղղված կլինի ենթակառուցվածքների զարգացմանը (վերականգնվող էներգետիկա, ջրամատակարարում եւ այլն),  մասնավոր սեկտորի զարգացմանը տարբեր բնագավառներում (գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, մշակող արդյունաբերություն, թեթեւ արդյունաբերություն եւ այլն)։

Ռոբերտ Ղուկասյանը, ակտիվ համագործակցության ու համատեղ աշխատանքի պատրաստակամություն հայտնելով, ներկայացրեց ըստ համայնքների մարզային իշխանության գույքագրած խնդիրները՝ նշելով, որ շատերի համար արդեն իսկ պատրաստ են լուծման ծրագրերն ու նախագծանախահաշվային փաստաթղթերը, եւ այդ տեղեկատվությունը կարող է օգտակար լինել դոնորների համար։

Այնուհետեւ քննարկմանը միացած Կապանի, Մեղրու եւ Քաջարանի համայնքապետարանների ներկայացուցիչների հետ շարունակելով քննարկումը՝ փորձագետները մանրամասնորեն՝ ըստ ոլորտների,  տեղեկացան յուրաքանչյուր համայնքի կարիքների, զարգացման հնարավորությունների ու խնդիրների լուծման առաջարկների մասին։

Այցի օրակարգի երկրորդ հատվածում նույն թիմը մարզպետարանում անցկացրեց եւս մեկ հանդիպում Կապան, Մեղրի, Քաջարան համայնքների  ՓՄՁ-ների ներկայացուցիչների հետ  քանի որ ծրագրի բաղադրիչներից է լինելու նաեւ նրանց աջակցումն ու գործունեության խթանումը,  փորձագետները ցանկացան տեղում ուսումնասիրել ներկայումս Սյունիքի մարզում փոքր ու միջին ձեռներեցության զարգացման խոչընդոտներն ու լսել առաջարկներ՝ ծրագրում ներառելու համար։

Համայնքապետարանների ու ՓՄՁ-ների հետ նմանատիպ հանդիպում-քննարկումներ կկազմակերպվեն նաեւ մարզի մյուս համայնքներում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17