Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՇՈՒՌՆՈՒԽ ԵՎ ՈՐՈՏԱՆ

19.04.2022

Ապրիլի 18-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային այց է կատարել Գորիս համայնքի Շուռնուխ եւ Որոտան բնակավայրեր։
Շուռնուխում մարզպետը դիտարկել է ՀՀ կառավարության միջոցներով կառուցվող նոր բնակելի թաղամասի շինարարության ընթացքը, մինչ այժմ արվածի արդյունքները, հետեւել որակին, խոսել շինարարների հետ․ 170 քմ մակերեսով 13 տները տերերին կհանձնվեն ամբողջովին նորոգված ու ավարտուն տեսքով։
Որոտանում մարզի ղեկավարը մասնակցել է համայնքային միջոցներով հիմնանորոգված ու բնակելիի վերափոխված շենքում բնակարանամուտի արարողությանը․ այստեղ բնակարան ստացավ վեց ընտանիք՝ երեքը՝ Որոտանում բնակվող, երեքը՝ Արցախից տեղահանված։
Բանալիները տանտերերին հանձնեցին Ռոբերտ Ղուկասյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, մարզի համայնքների ղեկավարներ, Աժ պատգամավորներ։
Շնորհավորելով շենքի բնակիչներին՝ մարզպետը նշեց, որ այսօր Որոտանում բնակարանամուտ տոնելը չափազանց կարեւոր է․ «Դրանով ամրագրում ենք, որ սյունեցին մնալու եւ արարելու է Սյունիքում, այստեղ երեխաներ են ծնվելու, ու Սյունիքը, ինչպես եւ հազարամյակներ շարունակ, ապացուցում է ու դեռ կապացուցի, որ ոչինչ չի կարող կոտրել իր միասնականությունը, ոգին, սեփական հողում ամուր կանգնելու կամքը»։
Որոտանում Ռ․Ղուկասյանն այցելել է նաեւ նոր գործարկվող հացի թխման արտադրամաս, որն այսօրվանից արդեն հաց կառաքի Շուռնուխ, Որոտան, Բարձրավան բնակավայրեր։ Հիշեցնենք, որ Կապան-Գորիս ճանապարհի մի հատվածի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբն ամեն օր անվճար հաց էր հասցնում այս գյուղեր՝ մինչեւ տեղում հաց ունենալու խնդիրը կլուծվեր։ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ բնակիչներից մեկը արտադրամաս է հիմնել, իսկ միջգերատեսչական աշխատանքային խումբը հատկացրել է ավտոմեքենա՝ հացն անհրաժեշտ վայրեր հասցնելու համար։
Ձեռնարկատերը մարզպետին հավաստիացրեց, որ այստեղ թխվող 5 տեսակի հացն ամբողջությամբ կբավարարի գյուղերի պահանջարկը, հետագայում նաեւ կմեծացվեն արտադրության ծավալները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22