Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԲԱՑ ԴՌՆԵՌԻ ՕՐ՝ ՍԻՍԻԱՆՈՒՄ
25.04.2022
Անցած շաբաթ օրը «Պատվաստումը հոգատարություն է» COVID-19-ի դեմ պատվաստումային արշավը Սյունիքում էր։
Եվրոպական Միության աջակցությամբ Սիսիան համայնքի բնակիչները հնարավորություն ունեցան շրջիկ բժշկական թիմի միջոցով պատվաստվելու, ինչպես նաեւ օգտվելու այլ կարեւոր առողջապահական ծառայություններից, այդ թվում՝ սակավարյունության եւ շաքարային դիաբետի սքրինինգային ծառայություններից։
Սիսիանում էր նաեւ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, որը տեղում հետեւել է աշխատանքների ընթացքին ու զրուցել բնակիչների հետ։ Նշենք, որ մասնագիտական խորհրդատվության արդյունքում այդ օրը 8 հոգի պատվաստվել է COVID-19-ի դեմ։
Փոխնախարարը, ՀՀ ԱՆ ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակիցները եւ Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գեւորգյանը տեղում ծանոթացել են նաեւ Սիսիանի բժշկական կենտրոնի նոր կառուցվող շենքի շինաշխատանքներին։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համատեղ։