Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ․ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶԻ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

25.04.2022

Ապրիլի 25-ին Սյունիքի մարզպետարանում հրավիրվել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններն ու մարզպետարանի ենթակայությամբ գործող մարզական ու մշակութային հիմնարկների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակիցներ։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ կրթության ոլորտը եղել է, կա ու կլինի պետականության կառուցման հիմնական հենասյուներից մեկը, եւ ներկաները շատ կարեւոր առաքելություն ունեն այս առումով։
Մարզի ղեկավարն իր խոսքում մի շարք շեշտադրումներ կատարեց՝ ներկայացնելով կրթօջախների աշխատանքի հանդեպ իր նկատառումները, պահանջները, մոտեցումներն ու բնագավառում մարզային իշխանության առաջիկա ծրագրերը։
Ռ․Ղուկասյանը նշեց, որ հատկապես հեռավոր, սահմանային ու փոքր գյուղերի դպրոցները կլինեն առանձնահատուկ ուշադրության կենտրոնում, կարեւորեց ուսուցչի կերպարը աշակերտի աչքերում, անթույլատրելի համարեց կրթական թեմայից դուրս այլ շեղող երեւույթների գոյությունը դպրոցներում։
«Փորձեք օգնել երեխաներին ու բացահայտեք նրանց մեջ այն շնորհներն ու ունակությունները, որոնց գոյության մասին իրենք միգուցե չգիտեն էլ․ տաղանդներ ու տարբեր ոլորտներում աչքի ընկնող աշակերտներ ունեցող դպրոցները յուրահատուկ մոտեցում կունենան մեր կողմից», - ասաց մարզպետը։
Խորհրդակցության ընթացքում Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն անդրադարձավ մարզի կրթական համակարգի ընթացիկ աշխատանքային հարցերին ու անելիքներին, ամփոփեց առարկայական օլիմպիադաների արդյունքները, խոսեց ոլորտի իրավական, կազմակերպական, մեթոդական մի շարք խնդիրների մասին, ներկայացրեց մարզային ենթակայության ՊՈԱԿ-ների զարգացման ու դրանցում առկա հիմնախնդիրների լուծման ուղիները։
Հանդիպմանը ներկա տնօրենները նաեւ հարցեր, առաջարկներ ուղղեցին եւ կրթօջախներում առկա խնդիրներ ներկայացրին Ռոբերտ Ղուկասյանին։
Խորհրդակցության ավարտին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը խոսեց ապրիլի 30-ին հանրապետությունում անցկացվող համապետական շաբաթօրյակի կազմակերպման ու այդ ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների մասին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17