Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔ Է ԱՅՑԵԼԵԼ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԸ

26.04.2022

Այսօր Սյունիքի մարզպետարանում հանդիպել են մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակը, Միջազգային սոլիդարության հիմնադրամի (Solidarity Fund PL) գործադիր տնօրեն Ալեքսանդրա Յարոշեւիչը, ծրագրի ղեկավար Աննա Ռադեցկան եւ Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։ Սյունիք ժամանած հյուրերը նպատակ ունեն ուսումնասիրել լեհական կողմի ու Սյունիքի միջեւ համագործակցության զարգացման հնարավորությունները, իսկ այցի ընթացքում ձեռքբերված տեղեկատվությունը նրանց թույլ կտա մշակել եւ իրականացնել զարգացման ծրագրեր «Թիմ Եվրոպա» (Team Europe) նախաձեռնության շրջանակում։

Պավել Չեպլակի ներկայացմամբ դեսպանատունը մինչ այժմ առավել ակտիվ է եղել ՀՀ հյուսիսում, իսկ այժմ ցանկանում են գործունեության սլաքներն ուղղել դեպի հարավ, այս առումով պատրաստ են նաեւ փոքր դրամաշնորհներ տրամադրելու համար առաջարկներ լսել համայնքներից։ Առավել մեծ ծրագրեր նրանք
իրականացնում են կառավարության ու ԵՄ գործընկերների հետ համաձայնեցմամբ։
Ալեքսանդրա Յարոշեւիչն ու Աննա Ռադեցկան նշեցին, որ իրենց հիմնադրամը ՀՀ-ում առավել ակտիվ է 2021-ից ու ներկայացրին հայաստանյան մեկ տարվա գործունեության ուղղությունները՝ տեղական ինքնակառավարման զարգացում, սոցիալական ծառայություններ, որոշումների կայացման մեջ քաղաքացիների մասնակցության ակտիվացում, բնապահպանություն ու գյուղական զարգացում եւ այլն։ Նրանց այժմ հետաքրքրում են Սյունիքի համայնքների խնդրիրներն, ու այս առումով Ռ․Ղուկասյանից եւ Գ․Փարսյանից էին ցանկանում լսել, թե որոնք են առաջնահերթ լուծում պահանջող հարցերը։
Սյունիքի մարզպետն ու Կապան համայնքի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով այցի ու Սյունիքի հանդեպ հետաքրքրության համար, մանրամասնորեն ներկայացրին տեղում իրավիճակը, ընթացիկ ու հետպատերազմյան շրջանում ի հայտ եկած խնդիրները։
Ռոբերտ Ղուկասյանը, նշելով, որ առաջնայինը անվտանգությունն է, կարեւորեց հատկապես սահմանային բնակավայրերում ենթակառուցվածքների ապահովումն ու սոցիալ-տնտեսական զարգացումը, որպեսզի բնակիչները շահագրգռված լինեն մնալ ու ապրել այստեղ։
Քննարկումից հետո պայմանավորվածություն ձեռքբերվեց հետագա համատեղ աշխատանքի ու համագործակցության մասին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17