Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՈՒՇԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ԵՎ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
27.04.2022
Ապրիլի 26-ին Սյունիքի մարզպետարանում բացվեց ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» (UN WFP) մարզային գրասենյակը։ Ծրագիրը վաղուց է գործունեություն ծավալում Սյունիքում, սրանով այն ավելի մոտեցվեց մարզին, ու տեղում կհամակարգվի կազմակերպության աշխատանքը։
Մինչ այդ մարզպետարանում համագործակցության հուշագրեր են ստորագրվել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, ՊՀԾ-ի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուի, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի միջեւ։
ՊՀԾ-ը համալսարանի Սիսիանի մասնաճյուղում հիմնում է ուսումնափորձարարական կենտրոն, որը խելացի գյուղատնտեսության փորձնական տարածքներ կունենա․ այստեղ կլինեն ջերմոց, մետեոկայան, տեխնոպարկ, ինտենսիվ այգի, անասնակերի հիդրոպոնիկ աճեցում եւ այլն։ Կենտրոնը գիտական-ուսումնական բազա կլինի թե՛ ուսանողների համար, որոնք իրենց գիտելիքները կփորձարկեն գործնականում, թե՛ մարզի ֆերմերների, որոնք այստեղ կանցնեն վերապատրաստումներ, դասընթացներ, կստանան գյուղատնտեսական խորհրդատվություն, կծանոթանան նոր տեխնոլոգիաների միջոցով ոլորտի զարգացման հնարավորություններին։ Բացի դրանից, մասնաճյուղույմ կբացվի հողի անալիզի լաբորատորիա, որը մարզը չունի։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, շնորհակալություն հայտնելով կազմակերպությանը մարզում կատարվող ներդրումների համար, նշեց, որ կենտրոնի հիմնումը շատ կարեւոր է, քանի որ սրանով գիտությունը եւ գիտական միտքը ներդրվում են գյուղատնտեսական ոլորտում․ «Սա իր հերթին կապահովի գյուղոլորտում ամբողջական արժեշղթայի բացահայտմանը եւ կիրառմանը, իսկ մոտ ապագայում մարզում երիտասարդ մասնագետների թվի աճ կունենանք, որի կարիքը շատ կա»։
Արման Խոջոյանի խոսքով սրանով ձեւավորվում է մի հարթակ, որը միավորում է բնագավառում ներգրավված բոլորին՝ ֆերմերներ, գիտական ներուժ, կրթություն, կառավարություն, համայնքային ու մարզային իշխանություն, միջազգային կազմակերպություններ, ու բոլորի ձայնը լսելի է դարձնելու, նաեւ մեկտեղելու համագործակցության հնարավորությունները։
Նաննա Սկաուն ներկայացրեց այն ներդրումները, որ մինչ այժմ ՊՀԾ-ը արել է մարզում եւ անելու է․ ներդրվել է 1․35 մլն դոլար, պատրաստվում են եւս 3․8 մլն դոլարի ներդրում կատարել Սյունիքում։ ՊՀ ծրագրում ընդգրկված է մարզի 20 գյուղ եւ քաղաք։
Մինչ հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը, մարզպետի մոտ նաեւ հանդիպում էր կայացել, որին մասնակցել են վերոնշյալ պաշտոնյաները, ինչպես նաեւ Սիսիան համայնքի ղեկավարը, Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի տնօրենը, մարզի ֆերմերներ։ Քննարկվել են հիմնվող կենտրոնի արդյունավետությունն ու ստեղծվող հնարավորությունները, իսկ մարզպետը, ներկայացնելով Սյունիքում գյուղատնտեսության զարգացման ներուժը, պատրաստակամություն է հայտնել աջակցել ոլորտի բոլոր դրական նախաձեռնություններին։