Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԱՌԻԹՈՎ

09.05.2022

Սիրելի՛ սյունեցիներ

Մայիսի 9-ին ավանդաբար Հաղթանակի ու խաղաղության տոնն ենք նշում․ ինչ իրավիճակում էլ այսօր դիմավորենք օրը, այն իր պատմական նշանակությունն ու խորհուրդը չի կարող կորցնել։ Ավելին՝ Մայիսի 9-ը գալիս է մեզ թե՛ ոգեշնչելու , թե՛ սթափեցնելու ու դասեր տալու, թե՛ հիշեցնելու սերունդների հանդեպ ունեցած մեր պարտքի մասին, այն մասին, որ պարտավոր ենք ունենալ հաղթանակներ, ընդ որում ՝ բոլոր ոլորտներում ու ամենալայն իմաստով․․․
Իսկ այսօր ու այսուհետ պետք է աշխատել այդ նպատակի համար ՝ ամեն օր ու անդուլ նվիրվածությամբ։
Մայիսի 9-ը մեզ համար տոնական դարձավ 1945-ին Մեծ հայրենականում տարած հաղթանակով, որին նաեւ բազմաթիվ հայորդիներ մասնակցեցին, նրանց թվում ՝ հազարավոր սյունեցիներ։ Բոլորիս խոնարհումը՝ մեր հերոս պապերի հիշատակին, հարգանքը ՝ այն սակավաթիվ վետերաններին, որ մեր կողքին են։
1992-ին Շուշիի ազատագրմամբ Մայիսի 9-ը նոր արժեք ստացավ հայերիս համար, այն հայոց նորագույն պատմության փառապանծ էջն է, իսկ հաղթանակները գնահատել, նրա հերոսներին հիշել ու օրինակներով ոգեշնչվել միշտ է պետք․․․Կորստի ցավից ոչ թե թեւաթափ եղած, այլ առավել ամրացած պիտի դուրս գանք ու ճիշտ ուղենշենք հետագա անելիքները։
Դրա համար հարկավոր է ազգային միասնություն ու համախմբվածություն, ինքներս մեզ ու աշխարհին սեփական եսը ցույց տալու ու ինքնուրույն խոսք ասելու իրավունքը վաստակել է պետք, իսկ դրա առաջին քայլը ուժեղ հայրենիքի կառուցումն է։
Նախօրեին՝ մայիսի 8-ին, նաեւ Երկրապահի օրն ենք նշում, որի առիթով շնորհավորում եմ ԵԿՄ բոլոր անդամներին, որոնց դերն ու ներդրումն անգնահատելի է Հայոց բանակաշինության գործում, նաեւ առաջին Արցախյան, Ապրիլյան քառօրյա ու 2020-ի Արցախյան պատերազմներում։
Սիրելի՛ սյունեցիներ, ցանկանում եմ բոլորիս, որ կարողանանք վերագտնել Մայիսի 9-ի հաղթական զգացողությունն ու հետագա տարիներին այն դիմավորենք այլ մտքերով, հույսերով ու լավատեսությամբ։
Խաղաղությո՛ւն բոլորիդ օջախներին ու մեր հայրենիքին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17