Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԵԱՏՄ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ՝ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԿԱՊԱՆՈՒՄ
12.05.2022
Այսօր Կապանում մեկնարկեց «Տարածաշրջանների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացումը Եվրասիական տնտեսական միությունում» թեմայով աշխատանքային քննարկումը, որը կազմակերպել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, Սյունիքի մարզպետարանը, Կապանի համայնքապետարանը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
Նրա նպատակն է նպաստել անդամ երկրների մարզերի միջեւ ուղղակի կապերի հաստատմանը, այդ թվում՝ բիզնես ոլորտում, ունեցած լավագույն փորձի փոխանակմանը՝ ԵԱՏՄ շրջանակներում։
Այդ առիթով Սյունիք են ժամանել ԵԱՏՄ անդամ երկրների մարզերի վարչակազմեր, ներկայացուցիչներ ՀՀ ՏԿԵ նախարարությունից, ՀՀ մարզերից:
Մինչ միջոցառման պաշտոնական բացումը, այսօր առավոտյան քննարկման մասնակիցները Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի հետ Բաղաբուրջի հուշահամալիրում ծաղկադրում են կատարել Հայրենական մեծ պատերազմի եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին, Արցախյան բոլոր պատերազմների կապանցի հերոսների շիրիմներին:
Աշխատանքային քննարկման բացմանը ներկաներին ողջունեցին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, ԵՏՀ մակրոտնտեսական քաղաքականության վարչության ղեկավար Ասկար Ջապարկուլովը:
Ռոբերտ Ղուկասյանը, կարեւորելով նման միջոցառման անցկացումը Սյունիքում, նշեց, որ սա ապակենտրոնացված զարգացման ու տարածաշրջանների հավասար առաջընթացի ապահովման ՀՀ պետական քաղաքականության արտացոլումներից մեկն է, որը նաեւ ԵԱՏՄ-ի ընդհանուր մոտեցման շրջանակներում է։
«Քննարկումը հիանալի առիթ եւ միջոց է առնչվելու թե՛ մեր գործընկեր պետությունների փորձին, եւ թե՛ հյուրերին ներկայացնելու մերը։ Հուսոմ եմ, որ այս նախաձեռնությունը առեւտրատնտեսական համագործակցության ու գործարար կապերի նոր ակտիվություն եւ շունչ կբերի մեր մարզին ու առհասարակ՝ Հայաստանին», - ասաց մարզի ղեկավարը։
Ռ․ Ղուկասյանը նաեւ հույս հայտնեց, որ կողմերի միջեւ փորձի փոխանակումն ու առաջխաղացման լավագույն օրինակների ուսումնասիրությունը հետագայում տարբեր երկրների միջմարզային համագործակցության, հեռանկարային ներդրումների հիմք կդառնան։
Այնուհետեւ հանդիպումը շարունակվեց մասնագիտական տարբեր քննարկումների ու ելույթների տեսքով, որոնց ընթացքում ներկայացվեցին ԵԱՏՄ շրջանակներում միջմարզային զարգացման հնարավորությունները։
Տարածաշրջանային աշխատանքային քննարկման շրջանակում Կապանի մշակույթի կենտրոնում կազմակերպվել էր նաեւ ցուցահանդես-վաճառք, որին ներկայացել էին Սյունիքի մարզի տարբեր համայնքների տնտեսվարողներն՝ իրենց արտադրանքով։
Միջոցառման ընթացքում նախատեսված է նաեւ հյուրերի այցը Կապանի պատմամշակութային ու բիզնես գործունեության վայրեր։
Իսկ օրը եզրափակվել է մարզկենտրոնի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում՝ Կապանի ժողնվագարանների, «Զանգեզուր» ժողովրդական պարային անսամբլների համերգով։
Վաղը նախաձեռնությունը կշարունակի իր աշխատանքը, եւ մասնակիցները կքննարկեն «կանաչ» տնտեսության հեռանկարները։