Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆՊԱՏԱԿԸ՝ ՊԱՀՊԱՆԵԼ ՈՒ ՏԱՐԱԾԵԼ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆԸ
26.05.2022
Մայիսի 25-ին մարզկենտրոն Կապանում կայացավ «Սյունիք - 2022» հայ ժողովրդական երգարվեստի եւ պարարվեստի փառատոնը (նախաձեռնող՝ Սյունիքի մարզպետարան, աշխատանքների կազմակերպումը՝ մարզային ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ի):
Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել ստեղծագործական խմբեր, երաժշտական համույթներ ու անհատ կատարողներ Կապանի, Մեղրու, Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջաններից։
Մինչ երեկոյան դահլիճային կատարումները՝ փառատոնի մասնակից պարային խմբերը Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում միասին «Սյունյաց քոչարի» պարեցին։
Փառատոնի նպատակն էր պահպանել ու խրախուսել հայ ժողովրդական երգարվեստի ու պարարվեստի տարածումը, հայտնաբերել այդ ոլորտում մարզի շնորհալիներին, նրանց համար ստեղծել միասնական հարթակ՝ միմյանց ճանաչելու, փորձի փոխանակման, համատեղ նախաձեռնություններով հանդես գալու համար։
Նպատակ կա նաեւ այն զարգացնել ու դարձնել ամենամյա։
Միջոցառման ավարտին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը եւ մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը Սյունիքի մարզպետի շնորհակալագիր ու հուշանվեր հանձնեցին այն կատարողներին ու համայնքապետարանների աշխատակիցներին, ովքեր ակտիվորեն մասնակցել էին ու աջակցել փառատոնի կազմակերպական աշխատանքներին։