Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԳՅՈՒՂԸ ՇՈՒՏՈՎ ՆՈՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԱՏԱՐ ԿՈՒՆԵՆԱ
06.06.2022
Այսօր առավոտյան մարզպետարան էին եկել Կապան համայնքի Սյունիք գյուղի մի խումբ բնակիչներ՝ բողոքելու խմելու ջրի բացակայությունից․ նրանց ընդունեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Չնայած բնակավայրի համար տարիներով ձգվող այս հարցն այժմ լուծում է ստանում, որի ընթացքը ներկայացվեց բնակիչներին, այդուհանդերձ, այս շոգ օրերին նրանց համար, բնականաբար, կենսական է ջուր ունենալը։
Ռոբերտ Ղուկասյանը տեղեկացրեց, որ ավարտին են մոտենում լիովին նոր ու առավել մեծ թողունակությամբ խողովակաշարով խմելու ջրատարի կառուցման աշխատանքները․ այն Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը (ղեկավար՝ Ռ․Ղուկասյան) համայնքի առաջնահերթ խնդիրներից էր համարել, ու կառուցվում է պետական միջոցներով։ Տեխնիկական վերջնական մի քանի ճշգրտումից ու փորձարկումից հետո գյուղի ջրամատակարարումն անհրաժեշտ ճնշմամբ կիրականացվի այս ջրատարով։
Հանդիպումից հետո Ռ․Ղուկասյանը մարզպետարանի մասնագետների ու «Վեոլիա ջուր» ընկերության տարածքային պատասխանատուի հետ այցելեց գյուղ՝ դիտարկելով նոր կառուցվող ջրատարի տեղամասերն ու տեղում հանդիպելով բնակչներին։
Ժամանակավոր լուծումներ են գտնվել հին՝ գործող խողովակաշարով գյուղի ջրամատակարարումը մասամբ ապահովելու ուղղությամբ՝ մինչ նորի գործարկումը։





