Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հունիսի 8-ին աշխատանքային այց է կատարել Մեղրի համայնք՝ ուսումնասիրելու այստեղ վերջերս պարբերաբար կրկնվող ջրամատակարարման երկարատեւ ու անկանոն խափանումների պատճառները, այցելելու համակարգի ենթակառուցվածքներ ու տեղում տեսնելու դրանց հնարավորությունները, ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու իրավիճակից ելք գտնելու եւ բնակչությանը բնականոն գրաֆիկով խմելու, նաեւ ոռոգման ջուր մատակարարելու հնարավորությունները։
Ռ․Ղուկասյանն այցելեց Մեղրի ու Ագարակ քաղաքներին խմելու ջուր մատակարարող կայաններ, ծանոթացավ օրվա կարգավորիչ ջրամբարներին, դրանցում կատարվող մաքրման աշխատանքներին։
Այնուհետեւ Մեղրու համայնքապետարանում կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին «Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատուները, Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, ՋՕԸ-երի աշխատակիցներ (քանի որ ոռոգման ջրի խնդիրներին եւս անդրադարձ եղավ)։
Վեոլիայի ներկայացուցիչները ստեղծված կացությունը պատճառաբանեցին այն հանգամանքով, որ ձնհալի պատճառով չեն կարողանում ջրի պղտորվածությունը հասցենլ սահմանված նորմային, որպեսզի անխափան ջրամատակարարում ապահովեն։ Մարզպետի խոսքով, պետք է մշակել համապատասխան ընթացակարգ ու գոնե սպառողներին տեղեկացնել, թե որ ժամին է ջուր մատակարարվելու նման պայմաններում։
Մարզի ղեկավարը իրավիճակից դուրս գալու եւ ջրամատակարարումը վերականգնելու համար հանձնարարականներ տվեց պատասխանատուներին։
«Վեոլա ջրի» տեղի ներկայացուցիչները հավաստիացրին, որ ամեն ինչ կանեն՝ կարճ ժամկետում Ագարակի ու Մեղրու ջրամատակարարումը վերականգնելու համար։