Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՅՑ ՍԻՍԻԱՆ․ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ, ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆՐԱՆՑ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԵՏ
19.07.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 19-ին Սիսիան աշխատանքային այցն սկսել է՝ մարզպետարանի ղեկավար կազմի ու համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հետ համայնքային զինվորական պանթեոնում խոնարհումի տուրք մատուցելով Արցախյան բոլոր պատերազմներում զոհված սիսիանցիների հիշատակին։
Այնուհետեւ մարզպետը հանդիպել է 44-օրյա պատերազմում հերոսացած սիսիանցիների հարազատներին․ նրանց հետ զրույցի թեման պանթեոնի բարեկարգման ու հերոսների շիրմաքարերի տեղադրման աշխատանքներն էին․․․
«Ցանկանում եմ, որ այս դահլիճից դուրս գալիս արդեն բոլորիս համար հստակ լինեն մտահոգող հարցերի պատասխանները, աշխատանքների մանրամասներն ու ժամկետները, որոնք կլինեն իմ ուշադրության ու պատասխանատվության ներքո», - ասաց Ռոբերտ Ղուկասյանը։
Մարզի ղեկավարը ներկաներին տեղեկացրեց, որ հուլիսի 15-ին կառավարությունից այս աշխատանքների համար մարզպետարանին է փոխանցվել 77 մլն դրամ, որը համապատասխան կազմակերպությանը կվճարվի աշխատանքների որակյալ ու սահմանված ժամկետներում ավարտից հետո միայն։ Շիրմաքարերն արդեն պատվիրվել ու ճանապարհին են, իսկ բետոնապատման ու սալիկապատման աշխատանքներն իր բյուջեի միջոցներով կիրականացնի համայնքը։ Կազմակերպութունը, որը հաղթել է հայտարարված մրցույթում, հուլիսի 7-ին կնքված պայմանագրով պարտավորվել է աշխատանքն ավարտել 100-օրյա ժամկետում։ Մարզպետը հանձնարարական տվեց՝ պանթեոնի բարեկարգումն ավարտել մինչեւ սեպտեմբերի 27-ը․․․
Ռոբերտ Ղուկասյանը զոհվածների հարազատների հետ քննարկեց կատարվելիք աշխատանքներին առնչվող հարցեր, ճշտեց որոշ խնդիրների վերաբերյալ նրանց կարծիքները, պատասխանեց ներկաներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին պանթեոնի բարեկարգման աշխատանքների նախագծին, ջրահեռացման ապահովմանը եւ այլն։