Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍԻՍԻԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
11.08.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը օգոստոսի 10-ին մասնակցել է Սիսիանում անցկացվող հայ-իրանական մշակութային խոհանոցային «Նավասարդ» փառատոնին։
Այն կազմակերպել էին Տուրիզմի հայկական ֆեդերացիան եւ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, ԻԻՀ մշակութային ժառանգության, ձեռնարվեստի եւ զբոսաշրջության նախարարության, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հետ համագործակցությամբ։
Փառատոնն իրականություն է դարձել նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի զգալի ֆինանսական աջակցությամբ։
Սիսիանի կենտրոնական հրապարակում ու հարակից փողոցներում տեղադրված տաղավարներում ներկայացված էին հայ եւ իրանական արտադրանք, նաեւ խոհանոցը, ձեռագործ արհեստների նմուշներ։ Ներկա էին հյուրեր ու զբոսաշրջիկներ մարզի եւ ՀՀ այլ բնակավայրերից, դրսից։
Միջոցառումն ուղեկցվում էր գեղարվեստական համարներով, սիսիանցի ու մայրաքաղաքից ժամանած («Բերդ» պարային համույթ) կատարողների ելույթներով։
Հանդիսավոր բացման արարողությանը ներկաներին ողջունեցին Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ-ում Իրանի դեսպանատան, նախաձեռնող կազմակերպությունների ներկայացուցիչները։
Մարզպետը համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հետ շրջեց տաղավարներով, ծանոթացավ ներկայացված ցուցադրանքին ու տեղի արտադրողներին։
Միջոցառումը շարունակվեց մինչ ուշ երեկո, իսկ դրա երկրորդ մասը օգոստոսի 11-ի գիշերը տեղափոխվեց «Զորաց քարեր», որտեղ այցելուները դիմավորեցին հին հայկական Նոր տարին՝ Նավասարդը։