Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՋԱՐԱՆԸ ՆՇԵՑ ԻՐ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 64-ԱՄՅԱԿԸ

22.08.2022

Օգոստոսի 21-ին Քաջարան քաղաքը նշեց իր հիմնադրման 64-ամյակը․ օրը նշանավորվեց մի շարք միջոցառումներով, որոնց մասնակցում էր նաև Սյունիքի մարզային իշխանությունը։

Զոհված ազատամարտիկների հուշահամալիրում ծաղկադրում կատարվեց հայրենիքի համար կյանքը զոհած քաջարանցի հայորդիների հիշատակին։

Այնուհետև Գետափնյա փողոցում բացվեց հանգստյան գոտի (կառուցվել է «ԶՊՄԿ» ՓԲԸ ներդրմամբ) ու այնտեղ տեղադրված խաչքարի օրհնության կարգ։

Աբովյան փողոցում տեղի ունեցավ պուրակի բացման արարողություն, որն իրականություն է դարձել սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համաներդրմամբ․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 36,8 մլն դրամ, որից կառավարության ներդրումը՝ 22,1 մլն դրամ, համայնքինը՝ 14,7 մլն դրամ։

Քաջարանի մշակույթի կենտրոնում Երևանի «Մոսկվայի տունը» բացեց ռուսաց լեզվի կրթամշակութային կենտրոն, որտեղ դպրոցականները ռուսերենի անվճար դասընթացների կմասնակցեն։

Օրվան նվիրված հանդիսավոր նիստում քաջարանցիների տոնը շնորհավորեցին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։

«Մենք գտնվում ենք մի քաղաքում, որտեղ ամեն ինչի կենտրոնում մարդն է, խոսում ենք սեփական քրտինքով հացը վաստակած ու այդ քրտինքի շնորհիվ քաղաք կանգնեցրած մարդկանց մասին, ու էլ որտեղ, եթե ոչ Քաջարանում պետք է երեք կարևոր կետերի մասին խոսենք՝ միասնություն, նպատակասլացություն, ազնվություն․ դրանք այստեղ առկա են», - իր խոսքում նշեց Ռոբերտ Ղուկասյանը՝ հավելելով, որ իր տնտեսական ազդեցությամբ Քաջարանը մեծ դեր ունի ոչ միայն Սյունիքի, այլև ողջ հանրապետության համար։

Երեկոն Քաջարանում շարունակվեց մշակութային միջոցառումներով ու քաղաքի կենտրոնական փողոցում կազմակերպված հյուրասիրությամբ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22