Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆՈՐ ՈՒՍՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԻՑ ԱՌԱՋ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

26.08.2022

Այսօր Սյունիքի մարզպետարանում կրթության ոլորտի մարզային պատասխանատուները ներկա են եղել ավանդական օգոստոսյան խորհրդակցությանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ։

Խորհրդակցությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, Կապանի, Քաջարանի եւ Մեղրու տարածաշրջանների հանրակրթական եւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ, մարզպետարանի, նախարարության, համայնքապետարանների պատասխանատուներ։

Խորհրդակցության մեկնարկին ներկաներին ողջունեց փոխմարզպետ Հայկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով անցած ուսումնական տարին հաջող ավարտելու համար, քանի որ այն բնականոն ընթացքով առաջին ուստարին էր հետքովիդյան ու հետպատերազմական դժվարին ժամանակաշրջանում։

«Անկախ ստեղծված իրավիճակից, կարողացել ենք ճիշտ հունով տանել կրթական գործընթացները, որի ապացույցը ամփոփվող տարվա արդյունքներն են», - նշեց ՀՀարությունյանը՝ կրթական բարեփոխումների համար շնորհակալություն հայտնելով փոխնախարարին։

Մերի Գանդալյանն իր խոսքում ներկայացրեց Սյունիքի՝ անցած ուստարվա կրթական, մշակութային եւ սպորտային հաջողությունները, համակարգի ձեռքբերումներն ու գրանցած արդյունքները։

Մարզը 2020-2021 ուստարում ունեցել է 15 մեդալակիր, բուհ է ընդունվել 463 շրջանավարտ, նրանցից 105-ը՝ անվճար:

Նախնական տվյալներով այս տարի Սյունիքում առաջին դասարան է հաճախելու 1550 աշակերտ:

Վարչության պետը շնորհակալություն հայտնեց այն դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին եւ աշակերտներին, որոնք 2021-2022 ուստարում բարձր են պահել Սյունիքի մարզի պատիվը առարկայական օլիմպիադաներում, գիտական ու մարզական մրցումներում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նախարարության անունից շնորհավորեց խորհրդակցության մասնակիցներին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, նաեւ շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար։

«Անելիքները շատ են երկրի առջեւ բազմապիսի մարտահրավերներ կան, ու այս առումով կրթության համակարգի յուրաքանչյուր ներկայացուցչի դերն ու նրա աշխատանքի որակն էլ ավելի մեծ կարեւորություն է ստանում», - հավելեց փոխնախարարը։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ կրթական համակարգի մի շարք նորությունների ու սպասվող օրենսդրական, վարչարարական ու այլ փոփոխությունների, 2023-ից գործարկվող կրթական նոր չափորոշիչներին, առաջին անգամ անցկացվող ՆՈՒՀ-երի տնօրենների հավաստագրման գործընթացին, դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխություններին եւ այլն։

«Սյունիքի մարզում մեր շեշտադրումն ու կարեւոր խնդիրներից մեկը կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովումն է», - ասաց ԺԱնդրեսայանը։

Նա տեղեկացրեց նաեւ, որ այս տարի ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը կկազմակերպվի մարզերում, եւ մանկավարժներն այլեւս դրա համար մայրաքաղաք չեն հասնի։

Խորհրդակցության ընթացքում կրթական ու կազմակերպական առանձին թեմաների մասին խոսեցին նախարարության տարբեր ստորաբաժանումների եւ կրթական ոլորտի պետական կազմակերպությունների ղեկավարները։

Վերջում նախարարի տեղակալն ու մայրաքաղաքից ժամանած մասնագետները պատասխանեցին ներկաների հարցերին։

Նշենք, որ օրվա երկրորդ կեսին նույնաբովանդակ խորհրդակցություն կայացավ նաեւ Գորիսում՝ այս անգամ Սիսիանի ու Գորիսի կրթօջախների տնօրենների մասնակցությամբ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17