Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԲԱՑ ԴԱՍ՝ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
05.10.2022
Հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի տոնի առթիվ, Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ վաստակաշատ մանկավարժ 85-ամյա Շուրիկ Վարդանյանը Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիների համար հանրահաշիվ առարկայից բաց դաս վարեց։
Դահլիճը վերածվել էր մեծ լսարանի, և այստեղ, բացի x-երի և y-ների աշխարհը բացահայտող աշակերտներից, հավաքվել էին քաղաքի տարբեր դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչներ․ ներկա էր նաև մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։ Վերջինս շնորհակալություն հայտնեց ընկեր Վարդանյանին՝ հանրահաշվի դասը նաև մանկավարժների համար վարպետաց դաս դարձնելու համար։
Շուրիկ Վարդանյանը մինչև 80 տարեկանը` 56 տարի, դասավանդել է Կապանի և Քաջարանի տարբեր դպրոցներում, և այստեղ հավաքված ուսուցիչներից շատերը նույնպես իր աշակերտներն էին։ Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանը անձնակազմի անունից գիրք նվիրեց հյուր եկած մանկավարժին։
Նշենք, որ նման ձևաչափով սա արդեն երկրորդ վարպետաց դասն էր․ առաջինը անցկացրել էր Կապանի թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Մարինե Գասպարյանը։ Ներկա ուսուցիչները հույս հայտնեցին, որ այս նախաձեռնությունը շարունակական կլինի։