Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ՀՀ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՆ ՈՒ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ

06.10.2022

Հոկտեմբերի 5-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում հանդիպել է Սյունիք այցելած՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել այցի համար ու ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան լայնածավալ ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը։

Դեսպանը նշել է, որ համատեղ այցով միացել է Մարդու իրավունքների պաշտպանի թիմին՝ ցույց տալու իր երկրի աջակցությունը Սյունիքին «Ուզում եմ ասել, որ Ֆրանսիան լայնորեն աջակցում է Հայաստանին ու նրա ջանքերին՝ հաստատելու խաղաղություն երկրում ու տարածաշրջանում»։

Ռոբերտ Ղուկասյանը հյուրերի հետ խոսել է մարզում պատերազմական վիճակի համատեքստում առաջ եկած խնդիրների մասին, քննարկվել են հրետակոծության հետևանքներին, անվտանգային, կրթական, առողջապահական հարցերին, ենթակառուցվածքներին ու մարզի կարիքներին առնչվող թեմաներ։

Քրիստիննե Գրիգորյանը նույնպես շնորհակալություն է հայտնել դեսպանին, որ եկել է Սյունիք՝ սեփական աչքերով տեսնելու իրողությունները, իսկ նրա ներկայությունը տեղի բնակիչներին թույլ է տալիս զգալու Ֆրանսիայի աջակցությունը։

Անն Լույոն կարևորել է նաև Սյունիքի մարզի ու Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև նախատեսված համագործակցությունը, որի համար գործնական հիմքեր ստեղծելու ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են տարվում մարզպետի հետ քննարկվել են առաջիկայում մեկնարկող համագործակցության հնարավոր ուղղությունները։

«Պարտավոր ենք աջակցել, առհասարակ, ՀՀ բոլոր մարզերին, բայց ես խորհուրդ եմ տվել շեշտել հատկապես Սյունիքը, որովհետև նրա ներկայիս մարտահրավերներն առանձնահատուկ են», - ասաց դեսպանը։

Հյուրերն այցելել են նաև Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։

Ֆրանսիայի դեսպանը եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մարզպետի ու համայքնի ղեկավարի ուղեկցությամբ այցելել են նաև հրետակոծությունից տուժած բնակելի տներ, տեսակցել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում վիրավորված Գորիսի խաղաղ բնակչի, որն այժմ տանը շարունակում է բուժումը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17