Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
10.10.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին։
Մարզպետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ այս դժվարին ժամանակահատվածում Սյունիք այցելելու համար՝ նշելով, որ միջազգային գործընկերների այցերն ու աջակցությունը շատ կարեւոր են մարզային իշխանության համար։
Պատասխանելով դիվանագետի հարցերին՝ Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է սեպտեմբերյան պատերազմի օրերին մարզում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ դրա հետեւանքներով առաջ եկած բարդությունները, որոնց առնչվում են Սյունիքն ու նրա բնակիչները։
«Անշուշտ բոլորս ենք ցնցված նրանից, ինչ կատարվեց սեպտեմբերին, - ասաց Նիկո Սխերմերսը, - դրա համար էլ այցելել եմ Սյունիք, որպեսզի տեղում իմանամ, թե ինչ է կատարվել ու կատարվում»։
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են մի շարք թեմաներից, որոնք վերաբերում էին անվտանգային, քաղաքական հարցերի, նաեւ կրթությանը, գյուղատնտեսությանը, տնտեսական, համայնքային զարգացմանը եւ այլն։
Դեսպանը նաեւ ներկայացրել է այն ոլորտները, որոնց ուղղությամբ Նիդերլանդների դեսպանատունը պատրաստակամ է աջակցել մարզին։
«Սյունիքը կարեւոր է ու միշտ մեր ուշադրության կենտրոնում է», - հանդիպման ավարտին ասել է բարձրաստիճան դիվանագետը։





