Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԷՐ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

20.10.2022

Հոկտեմբերի 20-ին Սյունիք է այցելել Եվրամիության տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը։
Նրա անդամներին մարզկենտրոնում դիմավորել են Սյունիքի մարզպետի տեղակալներ Հայկ Հարությունյանն ու Նարե Ղազարյանը։
Մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում, որին մասնակցել են նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը, ՀՀ ԶՈՒ և ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչներ, պատվիրակության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտեց, որ այս առաքելության խնդիրն է նախապատրաստել ԵՄ քաղաքացիական դիտորդների երկու ամսով տեղակայումը Սյունիքում, հետևել երկու կողմից հրադադարի ռեժիմի պահպանմանը և այս մասին պարբերաբար հրապարակել զեկույցներ։
Այս ամենն առավելագույն արդյունավետությամբ կազմակերպելու համար, ըստ պատվիրակության անդամների, անհրաժեշտ է տվյալ գործընթացում ներգրավել տեղի դերակատարներին ու նրանց հետ անմիջական համագործակցությունը։
Սյունիքի մարզային իշխանության և ուժային կառույցների ներկայացուցիչները շեշտեցին, որ պատրաստ են ամեն հարցում աջակցել պատվիրակության աշխատանքներին։
Հյուրերին ներկայացվեցին տեղեկություններ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով մարզի տուժած բնակավայրերի մասին և հատկապես ընդգծվեց, որ Սյունիքի սահմանների երկայնքով Ադրբեջանը գործում է ոչ միայն ընդդեմ հայկական զինված ուժերի, այլև՝ խաղաղ բնակչության։
Փոխմարզպետ Հայկ Հարությունյանի խոսքով՝ Սյունիքում սահմանամերձ բնակավայրերը ադրբեջանական զինվորների կողմից անմիջական սպառնալիքի տակ են, և այդ տեղերում խախտվում է ոչ միայն բնակիչների խաղաղ ապրելու իրավունքը, այլև երեխաների մեջ ի հայտ են գալիս ծանր հոգեբանական խնդիրներ։
Ըստ պատվիրակությանը փոխանցված տվյալների՝ սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի սանձազերծած ռազմական լայնածավալ ագրեսիայի հետևանքով (ընդ որում, ռազմական գործողությունները տեղի են ունեցել ՀՀ սուվերեն տարածքում ) տուժել է մարզի 6 բնակավայր, վնասվել՝ 18 բնակելի տուն, վարչական շենքեր, քաղաքացիների մեքենաներ, գյուղատնտեսական տեխնիկա ու կազմակերպությունների շինտեխնիկա, թշնամուն են անցել հազարավոր փոքր եղջերավոր անասուններ։ Շեշտվեց, որ մարզում արձանագրվել է երկու խաղաղ բնակչի մահ, որոնք զոհվել են՝ բավականին հեռու լինելով սահմանագծից, իսկ քաղաքացիական շտապօգնության մեքենաների տեղաշարժը հակառակորդի զինված ուժերը արգելափակել են հրետակոծություններով՝ չթողնելով օգնության հասնել վիրավորներին։
Սյունիքի մարզպետի տեղակալները պատվիրակության անդամներին ուղեկցեցին նաև Կապանի Ներքին Հանդ և դեպի Սիսիանի Իշխանասար տանող հատվածներ։ Տեղում հյուրերն արձանագրեցին, որ Ներքին Հանդը փաստացիորեն երեք կողմից շրջափակման մեջ է, և կանայք ու երեխաները շարունակում են բնակվել հարևան գյուղում։ Այստեղ թշնամու նշանառության տակ է հայտնվել նաև գերեզմանատունը։ Արձանագրվել են նաև Կապանի Սրաշեն, Ճակատեն, Շիկահող, Գորիսի Վերիշեն, Ակներ և Տեղ համայնքի Վաղատուր գյուղերին առնչվող խնդիրներ։ Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում եվրոպական քաղաքացիական առաքելություն տեղակայելու համաձայնությունը ձեռք է բերվել հոկտեմբերի սկզբին Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 10:24:46