Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԿԱՊԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԻՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ
21.10.2022
Հոկտեմբերի 21-ին Սյունիքի մարզկենտրոնում բացվեց Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը։ Պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը, Սյունիքի մարզպետի տեղակալներ Հայկ Հարությունյանն ու Նարե Ղազարյանը, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։
Հյուպատոսության մոտ երկու երկրների ԱԳ նախարարներին ողջունելով Սյունիքի մարզպետի անունից՝ փոխմարզպետ Հ․Հարությունյանը նշել է՝ մարզային իշխանությունը ուրախ է, որ Կապանում բացվում է բարեկամ ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունը։
Նախարար Միրզոյանն իր ելույթում շեշտել է, որ նշանակալից օր է հայ-իրանական բազմադարյա և բարիդրացիական հարաբերությունների պատմության մեջ․ «Վստահաբար կարող եմ նշել, որ Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումն ու արդյունավետ գործունեությունը նոր որակ կհաղորդեն երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններին, կխթանեն երկկողմ փոխգործակցությունն ու կնպաստեն հայ-իրանական կապերի զարգացմանը»։
ՀՀ արտգործնախարարը նաև հավաստիացրել է, որ Հայաստանում խորապես ընկալում և բարձր են գնահատում մեր երկրի ողնաշարը հանդիսացող այս հատվածում՝ Սյունիքի մարզում, գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի իշխանությունների որոշումը։
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել է, որ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը, և Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Իրանի կառավարության որոշումն այդ կարևորության դրսևորումն է։ «Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը պրոֆեսիոնալ դիվանագետներից է: Վստահ եմ ՝ Կապանում հյուպատոսության աշխատակիցներն իրենց պարտականությունները կատարելու ընթացքում կունենան Իրանի կառավարության, Երևանում ԻԻՀ դեսպանության, ՀՀ կառավարության, Սյունիքի մարզի և Կապան քաղաքի ղեկավարության աջակցությունը և, իհարկե, տեղի բնակչության բարեհաճ վերաբերմունքը: Մեր քաղաքականությունն է՝ հարգել տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված սահմանները», - նշել է Իրանի ԱԳ նախարարը՝ հաջող ընթացք մաղթելով հյուպատոսության աշխատանքին։