Հոկտեմբերի 27-28-ը Գորիսի պետական համալսարանում կազմակերպվել է «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով հանրապետական երկրորդ գիտաժողովը՝ նվիրված Գորիսի պետական համալսարանի հիմնադրման 55-ամյակին:
Ըստ կազմակերպիչների՝ գիտաժողովը յուրատեսակ հարթակ է ոչ միայն հետադարձ հայացքով արժևորելու Սյունիքի պատմամշակութային բազմահարուստ ժառանգությունը, ամփոփելու գիտակրթական արժեքավոր ձեռքբերումները, այլև քննարկելու գիտության, կրթության և մշակույթի արդի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները Սյունիքի մարզում:
Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի, Արցախի և արտերկրի շուրջ 25 գիտակրթական կազմակերպությունների 70 գիտնականներ, մասնագետներ ու հետազոտողներ։
Գիտաժողովի առաջին գիտական նիստին մասնակցել են նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզպետարանի ղեկավար կազմի անդամներ։
Բացման արարողությանն իր ելույթում, շնորհավորելով համալսարանի հիմնադրման 55-ամյակը, Սյունիքի մարզպետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք ներդրում ունեն ԳՊՀ-ի հիմնման, կայացման ու զարգացման գործում։
«Ընդհանրապես մենք շատ ծանր, բարդ փուլերում համախմբվել ենք եկեղեցու շուրջ, այն միշտ վերջին պահերին փրկօղակ է եղել։ Այսօր աշխարհն ու իրականությունը այլ են։ Ըստ իս, միակ տեսանելի կենտրոնը, որի շուրջ պետք է համախմբվենք, կրթությունն ու գիտությունն են։ Դրա միջոցով կարող ենք ունենալ խելացի, կրթված հասարակություն, որի անդամները երկրի համար կարևոր հարցերում նույն ուղղությամբ են մտածում։ Շատ շնորհակալ եմ այս ծանր փուլում Սյունիքում նման գիտաժողով նախաձեռնելու և կազմակերպելու համար, այն պահանջված է ու կարևոր», - նշել է Ռոբերտ Ղուկասյանն ու հավելել, որ եթե անհրաժեշտություն լինի որոշակի պարբերականությամբ կազմակերպել նման գիտաժողովներ, մարզային իշխանությունը պատրաստակամ է աջակցել։
Այսօր և վաղը նիստերը կայացել ու շարունակվելու են գիտաժողովի հինգ մասնախմբերում` «Պատմություն, քաղաքագիտություն, իրավագիտություն», «Հնագիտություն, ազգագրություն, արվեստ», «Մանկավարժություն և հոգեբանություն», «Բանասիրական ուսումնասիրություններ», «Բնագիտական ուսումնասիրություններ»:
Գիտաժողովի շրջանակներում նախատեսված են նաև պատմաճանաչողական շրջայցեր: