Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆ․ «Սյունիքի համար բոլորս միասնական ենք»
05.11.2022
Նոյեմբերի 4-ին Սյունիքի մարզկենտրոնում կազմակերպված «Միասին Սյունիքի համար» աշխատաժողովը բացվել է պաշտոնյաների ելույթներով։
Նախ Կապան ժամանած հյուրերին ողջունեց համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։ Շնորհակալություն հայտնելով մարզպետարանին նման հանդիպում նախաձեռնելու համար՝ Գ․Փարսյանը նշեց, որ այն հիանալի առիթ է մարզի տնտեսական զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին տեղում ծանոթանալու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերն այստեղ քննարկելու ու Սյունիքի խնդիրները եւս մեկ անգամ արտաքին աշխարհին ներկայացնելու համար։
Համայնքի ղեկավարը ներկայացրեց նաեւ վերջին երկու տարում պատերազմական գործողություններից հետո համայնքի ու նրա բնակիչների առջեւ ծառացած խնդիրները՝ դրանց հետեւանքները մեղմելու առումով կարեւորելով միջազգային գործընկերների կողմից երկարաժամկետ ծրագրերի իրականացումը։
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, նշելով, որ շատ տպավորված է միջոցառմամբ, փաստեց՝ իր տարիների աշխատանքի ընթացքում որեւէ մարզում չի հիշում նման ձեւաչափով ու բովանդակությամբ հանդիպում։ Նա եւս շնորհակալություն հայտնեց մարզպետարանին՝ աշխատաժողովը կազմակերպելու համար։ «Սա նաեւ իրատեսական քայլ է տարածքային համաչափ զարգացումն ապահովելու առումով, որը ցույց է տալիս, որ այդ աշխատանքները կարելի է համակարգել ոչ միայն Երեւանում, այլեւ Սյունիքում։ Շատ լավ է, որ այստեղ մեկս մյուսիս ներկայացնում ենք մեր պատկերացումները ու հատկապես ծանոթանում առկա խնդիրների լուծման՝ մարզային իշխանության տեսլականին»։
Փոխնախարարը թվարկեց նաեւ միջազգային մի քանի ծրագրեր ու կառույցներ, որոնք արդեն իսկ հաստատված ներդրումներ ունեն, որ կմեկնարկեն Սյունիքում։ Վաչե Տերտերյանը կարեւորեց սյունիքյան այս նախաձեռնության փորձը, որը կարելի է կիրառել այլ մարզերում եւս նման հանդիպումներ կազմակերպելու համար։
Աշխատաժողովի իմաստն ու նպատակները ներկաներին փոխանցեց մարզի ղեկավարը։
Ռոբերտ Ղուկասյանը, շնորհակալություն հայտնեց մոտ 30 կազմակերպությունների ներկայացուցիչներին, որ եկել են Սյունիք։ «Բոլորիդ գալն ապացուցում է, որ աշխատաժողովի խորագիրը ճիշտ է ընտրված, ու ակնհայտ է, որ Սյունիքի համար բոլորս միասնական ենք։ Մարզում արագ փոփոխվող իրականության մեջ՝ բոլորիս հայտնի պատճառներով չենք կարողանում իրականացնել նախապես ծրագրած աշխատանքները։ Ադրբեջանի կողմից վերջին ռազմական լայնածավալ ագրեսիան ընդհանրապես պլանավորված ու ստանդարտ աշխատանքի ժամանակ չեն թողել, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Սյունիքում պետք է կարողանանք օպերատիվ ու արագ արդյունավետությամբ ծրագրեր իրականացնել, իսկ դրա միակ ամենակարեւոր նախապայմանը համատեղ ու համակարգված աշխատանքն է»։
Ռոբերտ Ղուկասյանը նաեւ տեղեկացրեց, որ նախատեսվում է աշխատաժողովը կազմակերպել ամեն տարի ու հաջորդին արդեն կամփոփվեն նաեւ նախորդ տարվա համատեղ աշխատանքի արդյունքները․ «Սա կարեւորում եմ, որովհետեւ փաստացի այսքան կազմակերպություն աշխատում է մարզում, բայց կարծում եմ, որ այստեղ ներկաներից շատերը չգիտեն, թե ինչ են անում մյուսները, իսկ սա ազդում է արդյունավետության վրա։ Դրա համար անհրաժեշտ է, որ տեղեկանանք միմյանց գրոծունեության մասին։ Եթե մենք առանձին-առանձին գործենք, ոչնչի չենք հասնի, բայց եթե բոլորս միասին կենտրոնացնենք մեր ուժերն ընդհանուր նպատակին հասնելու համար, ապա խնդիրները ճիշտ հերթականությամբ կդասավորվեն»։
Աշխատաժողովի ավարտին, ամփոփելով հանդիպման արդյունքները, Սյունիքի մարզպետը շեշտեց, որ դրա հիմնական նպատակներից էր նաեւ ցույց տալ գործընկերներին, որ մարզն իր բոլոր ինստիտուտներով ամբողջությամբ պատրաստ է իր ուսերին վերցնել մեծ աշխատանք, որովհետեւ՝ «Սա մեր տունն է, եւ մեր տունը շենացնող ամեն մարդու եւ կազմակերպության հետ պատրաստ ենք աշխատել։
Մենք պետք է ունենանք շատ ուժեղ Սյունիք, մենք պետք է ունենանք զարգացած Սյունիք ու բնականաբար, պետք է ունենանք անվտանգ Սյունիք»։