Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ ՀԱՐՑԵՐ ԷԻՆ
09.11.2022
Նոյեմբերի 9-ին կայացավ Սյունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարում էր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Նիստին մասնակցում էին մարզպետարանի ղեկավար կազմն ու մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, համայնքների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, ճանապարհաշինական ընկերությունների, իրավապահ եւ ուժային կառույցների ղեկավարներ:
Օրակարգի առաջին կետով մարզի տարբեր նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային պահպանության նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները ներկայացրեց Սյունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ռազմիկ Ավետիսյանը։ Նշվեց, թե որ կազմակերպությունը մարզի ճանապարհային ցանցի որ տարածքն է սպասարկում, ու ներկայացվեցին առաջարկներ՝ աշխատանքի արդյունավետության համար անհրաժեշտ քայլերի վերաբերյալ։
Այնուհետեւ, մարզպետարանի, ճանապարհային ոստիկանության, մարզի ճանապարհաշինական ընկերությունների, ԱԻՆ ՓԾ մարզային կառույցի ու համայնքների ղեկավարները քննարկեցին հատկապես միջպետական մայրուղում առկա խնդիրները, նախորդ տարի ձմռանը նոր ճանապարհներին ստեղծված բարդ իրավիճակներն ու հնչեցին լուծման տարբերակներ՝ դրանք հաղթահարելու, սպասարկման որակը բարձրացնելու համար։
Սյունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նարեկ Դավթյանը զեկուցեց մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքման ընթացքի ու առկա ցուցանիշների մասին։ Նշվեց, որ 2022թ․ համայնքների բյուջեներով հոկտեմբերի 31-ի դրությամբ նախատեսված 2․1 մլրդ սեփական եկամուտների դիմաց փաստացի հավաքվել է 2․3 մլրդ դրամ, կամ՝ նախատեսվածի 102․2 տոկոսը։ Աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 22 տոկոս է։ Վարչության պետի խոսքով՝ տարվա վերջին այս առումով կլինի բավականին բարձր ցուցանիշ, բոլոր հարկատեսակներն ըստ պլանի հավաքվում են, խնդիր կա միայն հողի հարկի հավաքման պատկերում։
Մարզի համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքների, մշտադիտարկման արձանագրած թերությունների, այս բնագավառում եղած խնդիրների մասին խոսեցին Քաղաքաշինության վարչության պետ Ռ.Ավետիսյանը եւ Զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Հայկ Կարախանյանը։
2021թ․ սուբվենցիոն ծրագրերից անավարտ ու դեռեւս ընթացքի մեջ է 7 ծրագիր, իսկ այդ տարվա սուբվենցիան ծրագրերի ընդհանուր թիվը 4․1 մլրդ դրամ էր, որից կառավարության համաներդրման մասնաբաժինը՝ 2․2 մլրդ դրամ․ 2021-ին ավարտվել է 14 ծրագիր։ Դրանցից 5-ում թերություններ չեն եղել, մյուսներում մարզպետարանի աշխատակիցներն արձանագրել են թերություններ․ 7-ինն արդեն շտկվել են, 2 օբյեկտում խոստացել են վերացնել դրանք առաջիկա 10 օրում։
2022թ․ Սյունիքի համայնքներում հաստատվել է 25 սուբվենցիոն ծրագիր՝ 7․7 մլրդ դրամի նախագծային արժեքով, որից կառավարության մասնաբաժինը՝ 4․8 մլրդ դրամ։
2023 թվականի համար մարզում հաստատվել է 43 սուբվենցիոն ծրագիր, որի համար նախատեսվում է 11․4 մլրդ դրամ, որից կառավարության համաներդրումը՝ 7 մլրդ դրամ։
Մարզի խորհրդի նիստին քննարկվեցին օրակարգից դուրս մի շարք հարցեր եւս, իսկ ամփոփմանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը քննարկված խնդիրների համատեքստում հանձնարարականներ տվեց մարզպետարանի ստորաբաժնումների ղեկավարներին։