Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
10.11.2022
Նոյեմբերի 10-ին Կապանում անցկացվեց դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլային մրցաշար մարզի դպրոցական թիմերի միջեւ, որը կազմակերպել էին Երեւանում «Ռուսական տունն» ու ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան։
Մասնակցում էին Կապանի թիվ 13, Գորիսի թիվ 2 հիմնական, Քաջարանի թիվ 2, Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցների թիմերը։Մրցաշարի հաղթող դարձավ Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի ֆուտբոլի թիմը։
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, մարզային ու համայնքային իշխանության, «Ռուսական տան», ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներ, հյուրեր։
Սյունիքի մարզպետի անունից ներկաներին ողջունեց մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը․ շնորհավորելով հետաքրքրիր սպորտային իրադարձության մեկնարկի կապակցությամբ՝ նա նշեց՝ հատկանշական է, որ Ռոման Բերեզովսկին 30 տարի անց վերադառնում է այն մարզադաշտ, որտեղ խաղացել է 1992-ին (Կապանի «Սյունիք» թիմում) ու վերադառնում է այն տարում, երբ «Սյունիք» ֆուտբոլային ակումբը վերաբացվել է։ «Շնորհակալություն, որ կրկին այցելել եք մեզ, կարծում եմ՝ այսօր այստեղ հանդես եկող պատանիների համար սա ամենահիշարժան օրերից մեկն է, ու միշտ կհիշեն, որ խաղացել են Ձեր ներկայությամբ», - ասաց Էդ․Մարտիրոսյանը։
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը գավաթներ ու նվերներ ստացան կազմակերպիչներից։