Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՎԱՐՏՎԵՑ «ՍՅՈՒՆԻՔՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ»
24.11.2022
Ավարտվեցին «Սյունիքյան մշակութային շրջագայություն» ծրագրի միջոցառումները․ վերջին` ամփոփիչ կանգառը Քաջարան համայնքում էր, որտեղ հյուրընկալվեց Գորիսի մշակութային կրթօջախների ուսուցիչների և տաղանդաշատ սաների պատվիրակությունը։
Քաջարանցիները համայնքի մուտքը խորհրդանշող արջի արձանի մոտ աղուհացով դիմավորեցին գորիսեցի մասնակիցներին։ Պատվիրակության անդամները եղան համայնքի պատմամշակութային վայրերում՝ (Քաջարան գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի, Քաջարանի մշակույթի կենտրոն, գրադարան և Լեռնաձորի անհատական թանգարան), ծաղիկներ դրեցին Արցախյան բոլոր պատերազմների քաջարանցի զոհերի շիրիմներին։
Օրվա երկրորդ մասը հյուրերն անցկացրին Քաջարանի արվեստի դպրոցում՝ մասնակցելով կրթօջախի ուժերով իրենց համար կազմակերպված միջոցառմանը։ Կայացավ նաև բաց դաս և մասնագետների միջև քննարկում։
Հիշեցնենք, որ ծրագիրը նախաձեռնել էր Սյունիքի մարզպետարանը, և այն արդեն գեղեցիկ ավանդույթի է վերածվում՝ տեսանելիորեն միավորելով մարզի՝ միմյանցից հեռու ապրող ու ստեղծագործող անհատներին և մշակութային հանրությանը։ Այն իրագործեց մարզային եթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը (տնօրեն՝ Վահե Արզումանյան)։