Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ ՄԻՋԵՎ

01.02.2023

 Փետրվարի 1-ին Սյունիքի մարզպետարանը (ի դեմս մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի) և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը (ի դեմս գլխավոր տնօրեն Ռ. Խուդոլիյի) կնքել են համագործակցության հուշագիր՝ հաշվի առնելով զարգացման արդի փուլում Սյունիքի մարզի սոցիալական, տնտեսական և բնապահպանական խնդիրներն ու ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների ձևավորման խիստ անհրաժեշտությունը։

Նախատեսվում է համագործակցությունն իրականացնել առողջապահության, սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, տնտեսական, բնապահպանական բնագավառներում։
Հուշագրով կողմերը համաձայնել են համագործակցել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համապատասխան ոլորտներում մշտադիտարկման իրականացման, այդ ոլորտների վերաբերյալ խորհրդակցությունների, հանդիպումների, այլ միջոցառումների կազմակերպման, փորձի փոխանակման, նորարարական դրամաշնորհային ծրագրերի համատեղ մշակման և իրականացման ու այլ հարցերի շուրջ։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուշագրի ստորագրման առիթով նշեց․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նոր չէ, որ այս բոլոր ուղղություններով սոցիալական աջակցության ծրագրեր է իրականացնում։ Այս հուշագիրը նպատակ ունի ավելի հասցեական, համակարգված և արդյունավետ դարձնել Սյունիքի ամենախոշոր ձեռնարկության մասնակցությունը մարզի զարգացմանը։ Ինձ համար հատկապես կարևոր է, որ հուշագիրը նախանշում է կոնկրետ թիրախներ և ըստ ոլորտների ձևակերպում խնդիրների լուծման հստակ ճանապարհները։ Կարևոր է նաև, որ տարածքային կառավարման մարմիններն ու մասնավոր ընկերություններն ունենան իրենց պարտավորությունների, գործառույթների և համագործակցության հստակ շրջանակն ամրագրող փաստաթուղթ։ Ընկերությունների սոցիալական պատասխանատվության ծրագրերը չպետք է փոխարինեն պետության պարտականություններին, ինչպես հաճախ եղել է, այլ պետք է փոխլրացնեն և ավելի արդյունավետ դարձնեն մարզի զարգացմանն ուղղված ջանքերը»։
ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը, ընդգծելով մարզպետարանի հետ համատեղ աշխատանքի կարևորությունն, ասաց. «Շատ կարևոր է, որ սոցիալական օգնությունը լինի նպատակային և միտված լինի կայուն զարգացմանը, իսկ դրա համար ուղղությունների և նպատակների համատեղ համակարգումն անհրաժեշտություն է։ Չհամակարգված սոցիալական ծրագրերն ունենում են կարճաժամկետ ազդեցություն, և տարիներով ծախսված զգալի գումարները չեն ապահովում կայուն արդյունք։ Այս հուշագիրը հնարավորություն է ընձեռում նախանշել ռազմավարական ուղղությունները և համատեղել ջանքերը՝ թիրախային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։ Ինձ համար հատկապես կարևոր է սոցիալական և բնապահպանական կայունության կարևորության գիտակցումը և այդ ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Խնդիրները շատ են, բայց մեր լուծումները պետք է կենտրոնանան ոչ թե արագ, այլ կայուն, երկարաժակետ ու ռազմավարական արդյունքների վրա»։
Այսօր կնքված հուշագիրը գործում է հինգ տարի ժամկետով՝ յուրաքանչուր տարի հաստատված, ընթացիկ տարվա համար նախատեսված գործողությունների պլանով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17