Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՅՑԵՐԸ ՍԻՍԻԱՆԻ ԳՅՈՒՂԵՐ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ
08.02.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը փետրվարի 7-ին ավարտեց այցերը Սիսիան համայնքի գյուղական բնակավայրեր․ հիշեցնենք, որ դրանք մեկնարկել էին դեռևս 2022-ի ամառվանից ու ընդհատվել սեպտեմբերյան պատերազմի և դրանից հետո ծագած խնդիրների պատճառով։
Մարզպետն այսօր այցելել է Տոլորս, Բռնակոթ ու Լծեն գյուղեր։
Տոլորսում բնակիչները հիմնականում բարձրաձայնել են խմելու և ոռոգման ջրի ցանցերի բարելավման, կոյուղու, գարնանացանի հետ կապված խնդիրների մասին, նաև գրադարանի գրքային ֆոնդի թարմացում խնդրել ու նորաստեղծ երիտասարդ ընտանիքների համար ծրագրեր, որոնք կնպաստեն գյուղի ընդհանուր զարգացմանը։
Տոլորսում Ռ․ Ղուկասյանը ծանոթացավ նաև դպրոցի ու մանկապարտեզի աշխատանքին։
Բռնակոթում հանդիպման ընթացքում` որպես առաջնահերթ լուծում պահանջող հարցեր, առանձնացվեցին գյուղտեխնիկայի, խմելու և ոռոգման ջրի, գարնանացանի համար որակյալ սերմացուի, պարարտանյութերի խնդիրները։ Բնակավայրում գյուղացիները երեխաների ու երիտասարդների համար նաև խաղահրապարակի կամ մարզադաշտի կարիք ունեն։
Բռնակոթի դպրոց ևս այցելեց Ռոբերտ Ղուկասյանը։
Իսկ Լծենում բնակիչներին հուզում էր Տաթև-Լծեն ճանապարհի կառուցման ընթացքում իրացված հողերի փոխհատուցման հարցը, այստեղ ևս ոռոգման համակարգի, կոյուղու խնդիրներ կան, ու` տարածքների բարեկարգման անհրաժեշտություն։
Վաղը մարզպետը կշարունակի աշխատանքն արդեն Սիսիան քաղաքում, իսկ հաջորդ շաբաթ կսկսի այցերը Տաթև համայնքի բնակավայրեր։