Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՅՑԵՐԸ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
13.02.2023
Փետրվարի 13-ին Սյունիքի մարզպետն այցելել է Տաթև համայնքի Հալիձոր, Տաթև, Սվարանց, Տանձատափ և Քաշունի բնակավայրեր։
Ռոբերտ Ղուկասյանը հանդիպումներ ունեցավ բնակիչների հետ ու եղավ մարզային և համայնքային ենթակայության կառույցներում։
Հալիձորում, մասնավորապես, մարզպետին ներկայացրին հողի սեփականաշնորհման վկայականների հետ կապված, ոռոգման ջրի, գազիֆիկացման, հաճախակի հոսանքազրկումների խնդիրները․ մարզպետը տեղեկացրեց, որ բնակավայրի ոռոգման համակարգի կառուցումն ընդգրկված է սուբվենցիոն ծրագրերի ցանկում, ու գործարկումից հետո զգալի տարածքներ ոռոգելի կդառնան։
Ռ․Ղուկասյանն այցելեց նաև Հալիձորի միջնակարգ դպրոց (կենտրոնական ջեռուցման ու ջրահեռացման խնդիր ունի), մանկապարտեզ, գրադարան ու բուժկետ (գույքի ու կահավորանքի կարիք ունի)։
Հալիձորում «Ապրելու» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հիմնանորոգվում է մշակույթի կենտրոնը։
Տաթևի դպրոց ևս այցելեց մարզի ղեկավարը, եղավ նաև սուբվենցիոն ծրագրով նորոգվող մանկապարտեզի շենքում։ Իսկ այս գյուղում բնակիչները բարձրաձայնեցին գիշերային լուսավորության, նոր ճանապարհի կառուցման հետևանքով կորցրած հողերի փոխհատուցման, խմելու ջրի, աշխատատեղերի բացակայության մասին։
Ռ․Ղուկասյանը հավաստիացրեց, որ այս ու մյուս բնակավայրերում նոր ճանապարհների իրացման գոտում հայտնված հողերի տերերը կստանան փոխհատուցում։
Սվարանցում ևս առաջնահերթ խնդիրներից է խմելու ջրի սղությունը, գյուղացիները խոսեցին նաև ճանապարհների ասֆալտապատման, գյուղտեխնիկայի կարիքների մասին։
Սվարանցի երիտասարդ վարչական ղեկավարին մարզպետն առաջարկեց գյուղի զարգացման ծրագիր մշակելու համար բոլորի հետ քննարկել ու պարզել, թե ինչ նորարարական ուղղություններ կարելի է ընտրել ՝ գյուղն ակտիվացնելու համար։
Տանձատափում ու Քաշունիում ևս մարզպետը լսեց գյուղացիների խնդիրներն ու առաջարկները։
Վաղը Ռոբերտ Ղուկասյանը կայցելի Շինուհայր։