Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԲԱՆԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
23.02.2023
Սյունիքի մարզպետարանի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ն ավարտեց միջոցառումների շարքը՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 31-ամյակին, որոնք մեկնարկել էին հունվարի 28-ից։
Այս շաբաթ տեղի ունեցան վերջին միջոցառումները։ Փետրվարի 19-ին Սյունիքի N զորամասում կազմակերպվել էր համերգային ծրագիր՝ հայրենասիրական և ազգային երգ ու պարով։
Փետրվարի 21-ին տեղի ունեցավ «Մեկ օր զինվորների հետ» խորագրով այց մարզում տեղակայված N զորամաս։ Կապանի թիվ 3 և թիվ 10 միջնակարգ դպրոցների աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալ զինվորների առօրյային, մասնակցեցին առավոտյան տողանին ու պարապմունքներին։
«Անպարտ հայ զինվոր» մշակութային միջոցառման շրջանակում վերջին նախաձեռնությունը մարզի զորամասերից մեկում կազմակերպված ինտելեկտուալ խաղ-մրցույթն էր, որին մասնակցեցին Կապանի թիվ 1 և թիվ 7 հիմնական դպրոցների աշակերտներն ու զորամասի 2-րդ և ուսումնական գումարտակի զինծառայողները։
Հաղթող ճանաչվեց թիվ 7 հիմնական դպրոցի թիմը։ Խաղ-մրցույթն ընդմիջվում էր երաժշտական կատարումներով։
Մրցույթին մասնակցող թիմերը Սյունիքի մարզպետարանից հավաստագրեր և հուշանվերներ ստացան։