Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ

02.03.2023

Սյունիքի մարզպետարանում այսօր ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում Հայաստանի անտառների դիմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրի վերաբերյալ, որի ընթացքում ներկայացվեցին դրա շրջանակում իրականացված աշխատանքները, նախատեսվող գործողություններն ու ոլորտի դերակատարների հետ համագործակցության հնարավորությունները։

Հանդիպմանը մասնակցում էին մարզում անտառների կառավարման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի նախաձեռնություններում ընդգրկված կառույցների ներկայացուցիչներ՝ Սյունիքի մարզպետարանի, համայնքապետարանների, «Հայանտառի», Զանգեզուր կենսոլորտային համալիրի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, դրամաշնորհատու կառույցների աշխատակիցներ, անտառամերձ բնակավայրերի վարչական ղեկավարներ։
«Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրն իրականացնում են ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը»։ Ծրագիրը ֆինանսավորում են Կանաչ կլիմայի հիմնադրամը, ՀՀ կառավարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը, Իտալիայի Բոլցանո ինքնավար նահանգը և Բնության համաշխարհային հիմնադրամը:
Կլիմայի կանաչ հիմնադրամից ստացված 10 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհի և 8,7 միլիոն դոլար համաֆինանսավորման շնորհիվ ծրագիրը երկարաժամկետ սոցիալական, տնտեսական և բնապահպանական արդյունքներ կունենա։
Ութ տարվա ընթացքում Սյունիքի և Լոռու մարզերում կիրականացվեն հետևյալ աշխատանքները․
• պետական անտառային ֆոնդի 4700 հեկտար հողատարածքի անտառապատում և անտառվերականգնում,
• 1000 հեկտար համայնքապատկան հողատարածքների անտառապատում և անտառվերականգնում,
• 1600 հեկտար դեգրադացված անտառների կոճղաշիվային աշխատանքների կազմակերպում,
• աջակցության տրամադրում անտառամերձ բնակավայրերի 9000 խոցելի տնային տնտեսությունների՝ ներկայիս ցածր արդյունավետությամբ փայտի վառարաններն ավելի արդյունավետ վառարաններով փոխարինելու համար։
Անցած տարի այս ծրագրով Սիսիանում արդեն իսկ տնկարան է հիմնվել։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17