Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
08.03.2023
Սիրելի՛ հայուհիներ
Մարտի 8-ն է այսօր, իսկ գարնանային առաջին տոնը բոլորիս համար քնքշության, բարության, գեղեցկության, արևի ջերմ լույսի և բնության զարթոնքի խորհրդանիշն է։ Այդ ամենն ամբողջանում է ձեր կերպարում․ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ՝ Կանանց տոնի կապակցությամբ, մաղթում, որ ինչպես այսօր, այնպես էլ տարվա մյուս բոլոր օրերին ձեր աչքերը լի լինեն երջանկությամբ, սիրով ու գարունով։
Գիտեմ, որ Հայաստան աշխարհի կանանց համար այժմ ամենաթանկ ու բաղձալի արժեքը խաղաղությունն է։ Ուստի, ձեզ նվիրված տոնին ամենից առաջ խաղաղություն եմ ցանկանում մեր երկրին, որ հանգիստ լինի ձեր սիրտը սահման պահող զավակների, թոռների, եղբայրների ու ամուսինների համար, որ կարողանաք վաղվա օրվա հանդեպ վստահությամբ երազել, ստեղծել, ոգեշնչել ու ծրագրեր կազմել, ու ձեր հոգու ջերմությունը, ձեր ներսի լույսը, մտքի զորությունն ուղղեք միմիայն ընտանիքի, համայնքի, երկրի զարգացմանը, աշխարհն ավելի լավը դարձնելուն․․․
Այսօր՝ նաև խոնարհումս հայրենիքի համար կյանք տված հերոսների մայրերին ու կանանց․ մեծ ուժ, տոկունություն և առողջություն ձեզ․․․
Մեր թանկագի՛ն մայրեր, տատիկներ, կանայք, քույրեր ու դուստրեր, դուք եք մարմնավորում կյանքի՝ բոլորիս համար հավերժական արժեքները՝ ընտանիքը, տունը, հարազատ օջախի ջերմությունն ու հարմարավետությունը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև դառնում հայրենիքի պաշտպան, որի համար շնորհակալ ենք։
Կրկին շնորհավորելով ձեզ տոնական օրվա առիթով՝ մաղթում եմ, որ այս գարունը ձեզ բերի լուսավոր օրեր, չմարող հմայք, բարեկեցություն և նվիրական իղձերի իրականացում: