Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆՈՐ ՈՐԱԿ՝ ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
20.03.2023
Այսօր համագործակցության հուշագիր է կնքվել Սյունիքի մարզպետարանի և «Ապառաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ու «Լիճքվազ» փակ բաժնետիրական ընկերությունների միջև․ այն ստորագրել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու «Լիճքվազ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանը։
Հուշագրով կողմերը նախատեսում են համագործակցել քաղաքացիական պաշտպանության, սոցիալ-տնտեսական ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով` իրենց հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ։
Հուշագիրը կգործի հինգ տարի ժամկետով՝ յուրաքանչյուր տարի հաստատված, ընթացիկ տարվա համար նախատեսված գործողությունների պլանով:
Սա մարզի խոշոր տնտեսվարողների հետ համագործակցությունը հուշագրով ամրագրելու երկրորդ օրինակն է արդեն (առաջինը կնքվել է «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի հետ)։ Իր որդեգրած այս քաղաքականությամբ մարզային իշխանությունը ձգտում է նոր որակ հաղորդել գործընկերային հարաբերություններին և թիրախային ու առավել արդյունավետ դարձնել ձեռնարկությունների կողմից մարզում իրականացվող սոցիալական ու զարգացման ծրագրերը։