Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՈՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՎԵՐՆՅ-ՌՈՆ-ԱԼՊ ՇՐՋԱՆԻ ՄԻՋԵՎ

30.03.2023

Մարտի 29-ին Սյունիքի ամենանշանավոր պատմական հոգևոր-մշակութային-գիտակրթական կենտրոնում՝ Տաթևի վանական համալրիրում կնքվեց համագործակցության համաձայնագիր ՀՀ Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև։
Այն ստորագրեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու ՕՌԱ շրջանի նախագահ Լորան Վոքիեն։
Հանդիսավոր արարողությանը ներկա էին Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի քաղաքապետեր, շրջանի ու ֆրանսիական այլ կառույցների պատվիրակներ, Սյունիքի մարզային իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը, Սյունիքի համայնքների ղեկավարներ, ԱԺ սյունեցի պատգամավորներ, հոգևոր այրեր, այլ պաշտոնյաներ, Ֆրանսիայում ՀՀ և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանները, հյուրեր։
Համաձայնագրով նախատեսվում է զարգացնել երկկողմ համագործակցությունը՝ հիմնված բարեկամության, արդարության և փոխադարձ շահերի սկզբունքների վրա։
Համագործակցության ոլորտի առաջնահերթություններն են՝ բուժօգնության հասանելիություն, տնտեսական զարգացում՝ մասնավորապես գյուղատնտեսության, մասնագիտական կրթություն՝ հիմնականում երիտասարդների համար, զբոսաշրջության խթանում, ֆրանկոֆոնիայի խթանում։
Համագործակցության նպատակներին համապատասխան նախագծերի պատշաճ մշակման համար կստեղծվի ղեկավար հանձնաժողով։ Կողմերը կստեղծեն գործողությունների ծրագիր, որը կդառնա ստորագրված համաձայնագրի մաս։
Միջոցառման մեկնարկին նախ օրհնանքի խոսք ասաց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանը։
Այնուհետև ներկաներին դիմեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ փաստելով, որ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունենում։ Ողջունելով հյուրերին՝ մարզպետը բարձր գնահատեց ներկայացուցչական պատվիրակության այցը՝ Հայաստանի ու մասնավորապես Սյունիքի ու նրա ժողովրդի համար այս բարդ ժամանականաշրջանում։ «Ուրախալի է հյուրընկալել պատվիրակություն Ֆրանսիայի մի շրջանից, որի հետ Հայաստանն ու մեր տեղական ինքնակառավարման մարմիններն ունեն սերտ բարեկամական հարաբերություններ, որտեղ կա շատ լավ կազմակերպված հայ համայնք», - ասաց Ռ․Ղուկասյանն ու ու շնորհակալություն հայտնեց ֆրանսիական կողմի գործունեության ու հատուկ սրտացավ վերաբերմունքի համար, որը դրսևորվում է Հայաստանին, Արցախին ու հայ ժողովրդին հուզող հարցերում։
«Բարձր ենք գնահատում Սյունիքի հետ համագործակցություն հաստատելու ձեր պատրաստակամությունը, - իր խոսքում նշեց Սյունիքի մարզպետը, - վստահ ենք՝ կարճ ժամանակում համատեղ ուժերով կարձանագրենք շոշափելի արդյունքներ, որոնք ակնառու կլինեն ոչ միայն ՕՌԱ-Սյունիք գործակցությունում, այլև հայ–ֆրանսիական հարաբերություններում»։
Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն մասնավորապես ասաց․ «Ես աստիճանաբար ճանաչել ու սիրել եմ Հայաստանը ու գիտեմ, թե ինչ պատմական ու խորհրդանշական արժեք ունի այստեղ գտնվելը։
Իսկ ինչո՞ւ են մենք այսօր այստեղ․ Հայաստանի ամբողջականության համար պայքարը մեծապես հենց այստեղ է որոշվելու՝ Սյունիքում, նախևառաջ, որովհետև դուք միշտ կրել եք հայ դիմադրության ոգին, Սյունիքը երբեք չի ընկրկել։ Ես, որ գալիս եմ լեռնային երկրից, շատ զգայուն եմ այնպիսի անհատների հանդեպ, ինչպիսիք են Դավիթ Բեկն ու Գարեգին Նժդեհը։
Ուստի, որպեսզի Հայաստանը հաջողության հասնի, պետք է Սյունիքը զարգանա և ուժեղ լինի։ Դուք եք մեծ ճանապարհների այն խաչմերուկը, որը կարող է լինել նաև Հայաստանի պաշտպանությունը․ այսպիսով, մեր նպատակն է հզորացնել այս մարզը՝ համատեղ ծրագրերի ու համագործակցության միջոցով։
․․․ Այս պահից սկսած՝ Սյունիքի մարզի ու Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի ճակատագրերը համատեղված են, դա նշանակում է՝ ով հարձակվի Սյունիքի վրա, հարձակվում է Օվերնյ-Ռոն-Ալպի վրա»։
Նշենք, որ Ֆրանսիայի 70 000 կմ քառակուսի տարածքով ՕՌԱ շրջանն ունի 8 մլն բնակչություն և համարվում է երկրի տնտեսության առաջատարը․ կենտրոնը Լիոնն է։
Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը՝ 44-օրյա պատերազմից ի վեր, դրդել է Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանին և նրա նախագահ Լորան Վոքիեին Հայաստանի հետ համագործակցությունը դնել ՕՌԱ շրջանի միջազգային քաղաքականության առանցքում։
Հիշեցնենք, որ դեռևս 2022թ․ հոկտեմբերին պարոն Վոքիեի նախաձեռնությամբ, իբրև ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի արձագանք՝ Ֆրանսիայում իր և Սյունիքի մարզպետի կողմից Սյունիքի ու ՕՌԱ շրջանների միջև գործընկերության հաստատման մտադրության մասին փաստաթուղթ ստորագրվեց։ Այն ժամանակ ՕՌԱ-ի շրջանային խորհուրդն ընդունեց «Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանը Հայաստանի կողքին է» խորագրով գործողությունների ծրագիր, որի շրջանակներում հայտարարվեց Սյունիքի մարզին 300 000 եվրո գումար տրամադրելու մասին՝ հակամարտության հետևանքների հաղթահարման նպատակով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 12:27:11