Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆՈՒՄ ԷՐ ՕՎԵՐՆՅ-ՌՈՆ-ԱԼՊԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

01.04.2023

 Մարտի 30-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարզպետարանում հյուրընկալեց Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեին ու նրա ղեկավարած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, երկու կողմերի պաշտոնյաներ։
Ողջունելով հյուրերին՝ մարզպետը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց այցելության համար՝ համոզված, որ կարևոր էր հյուրերի՝ Սյունիքն անձամբ տեսնելը․ «Երեկվա օրն ու կնքված համաձայնագիրը, կարծում եմ, կմնան Սյունիքի պատմության մեջ, ու ինձ համար էական էր Տաթևի վանական համալիրում տեսնել Ձեզ ու ՕՌԱ շրջանի ղեկավար անձնակազմին մեզ հետ միասին՝ մեր դժվար պահին»։
Լորան Վոքիեն նշեց․ «Իսկապես մեզ համար կարևոր էր ֆիզիկապես գտնվել այստեղ, գալ նաև Կապան, որովհետև բարեկամական կապեր հաստատելու համար պետք է հասկանալ իրար, տեսնել այստեղի լեռները, աշխարհագրության կարևորությունն ու ընկալել, թե այս իրավիճակում ինչպես կարող ենք օգտակար լինել։ Ամենաառաջին բանը, որ կանենք, մեր քաղաքական կշիռն օգտագործելն է՝ Ֆրանսիային, Եվրոպային իրազեկելու ու ձեր ձայնը լսելի դարձնելու համար, որովհետև այստեղ կատարվողը ոտնձգություն է երկրի ինքնիշխանության հանդեպ»։
Գևորգ Փարսյանը պարոն Վոքիեին տեղեկացրեց, որ Կապանն արդեն իսկ հարաբերություններ է սկսել ՕՌԱ շրջանի Լուար դեպարտամենտի Սենտ-Էտյեն քաղաքի հետ, ու սկիզբ է դրվել քույր-քաղաքներ դառնալու գործընթացին։
ՕՌԱ շրջանի նախագահը, ողջունելով նախաձեռնությունն, ասաց, որ երկուստեք պետք է ձգտել, որ մեկ տարվա ընթացքում Սյունիքի բոլոր 7 համայնքներն իրենց շրջանում ունենան քույր-քաղաքներ ու այդ համատեքստում արդեն իսկ կնքած համաձայնագրեր։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև կոնկրետ ոլորտներ, որոնց ուղղությամբ հնարավոր է մոտ ժամանակում աշխատանք սկսել։
«Չեմ ցանկանում, որ ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, երկարաժամկետ փորձագիտական ուսումնասիրությունների վրա ժամանակ ծախսենք, - ասաց Լորան Վոքիեն, - մեր նպատակն է, որ կարողանանք շատ արագ ու շատ կոնկրետ աջակցություն ցուցաբերել, որը տեսանելի ու շոշափելի կլինի Սյունիքի բնակչության համար»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53