Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ, ՈԼՈՐՏԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻՆ

22.04.2023

Ապրիլի 21-ին Գորիսում կայացել է «ՄԻԱՍԻՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՄԱՐ - ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» աշխատաժողովը, որն իր ելույթով բացել ու վերջում աշխատանքներն է ամփոփել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել միջազգային կազմակերպությունների գործընկերներին աշխատաժողովին մասնակցելու համար ու ներկայացրել է նախաձեռնության նպատակներն ու ակնկալվող արդյունքները։ «Չկա մի երկիր, որ կարող է զարգանալ առանց զարգացած գյուղատնտեսության, իսկ Սյունիքի մարզում այն նաև պարենային անվտանգության տեսանկյունից շատ կարևոր ու առաջնահերթ գործոն է, դրա համար էլ մենք բոլորս այսօր հավաքվել ենք», - ասաց Ռոբերտ Ղուկասյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ վերջին 2 տարում «Սյունիքի մարզի զարգացման ու ներդրման հիմնադրամը» տարբեր ֆինանսական աղբյուրների ներգրավմամբ (հիմնականում պետական) գյուղոլորտին ավելի քան 1 մլրդ դրամ աջակցություն է ուղղել, որի շուրջ 40 տոկոսը, ցավոք, ուղղվել է հակամարտությունից տուժած գյուղացիների փոխհատուցումներին, իսկ մնացածը՝ փոքր ու միջին գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու նպատակին։
«Հաճախ դուք՝ դոնոր կազմակերպություններդ էլ տեղյակ չեք միմյանց ծրագրերից, բայց կարևոր է, որ մեկ ծրագիրը լրացնի կամ շարունակի մյուսին, կրկնություններ չլինեն, ու ամբողջական արդյունքով ծրագրեր լինեն, նաև այդ առումով է կարևոր այսօրվա հավաքը» , - ասաց մարզպետը։
ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերն ու ոլորտի զարգացման ռազմավարական ուղղությունները ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության աշխատակից Մարգարիտ Միրզոյանը։ Նա նշեց, որ գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերից օգտվելու ամենացածր տոկոսը Սյունիքում է, մասնավորապես, առկա 12 ծրագրերից մարզի գյուղատնտեսները միայն 7 ծրագրի համար են դիմել։ Հնարավոր պատճառներից նշելով տեղեկատվության պակասը՝ նա խնդրեց մարզային ու համայնքային իշխանության մարմիններին իրազեկման աշխատանքներ տանել։
Սյունիքի մարզի գյուղատնտեսական ոլորտի հիմնախնդիրները, զարգացման համար նպաստավոր պայմաններն ու հեռանկարները, առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները, ներուժն ու դրա իրացման ներկայիս պատկերը ներկայացրեց Սյունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Էդիկ Բունիաթյանը՝ պատասխանելով նաև ներկաների հարցերին։
Սյունիքի մարզի համայնքների ղեկավարները ևս անդրադարձան իրենց համայնքների գյուղատնտեսական ներուժին, այն հնարավոր ենթաճյուղերին, որոնք հնարավոր է զարգացնել տարբեր բնակավայրերում, շնորհակալություն հայտնեցին ներդրումներ կատարած կազմակերպություններին։
Աշխատաժողովին մասնակցում էր 23 միջազգային կազմակերպության 40-ից ավելի ներկայացուցիչ․ այս անգամ 9 կազմակերպություն մանրամասնորեն ներկայացրեց Սյունիքի մարզում՝ գյուղատնտեսության բնագավառում, վերջին տարիներին կատարած աշխատանքը, ընթացիկ ծրագրերն ու առաջիկայում նախատեսվածը։ Նրանք էին`
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Պարենի համաշխարհային ծրագրի, Ավստրիական զարգացման գործակալության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, ՄԱԿ–ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակները, «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալությունը։
Աշխատաժողովի ավարտին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշեց, - «Բազմաթիվ գյուղեր այս ծանր իրավիճակում բավականին արդյունավետ են իրականացրել իրենց գյուղատնտեսական աշխատանքները ձեր շնորհիվ, հարգելի՛ գործընկերներ, բազմաթիվ գյուղացիներ որոշեցին, որ պետք է մնան ու զարգացնեն իրենց գյուղը, որովհետև դուք մեր կողին եք․․․», - և շնորհակալություն հայտնց գործընկեր կառույցներին՝ աշխատաժողովի ընթացքի ու կայացման համար։
Հիշեցնենք, որ աշխատաժողովը նախաձեռնել ու կազմակերպել էր Սյունիքի մարզպետարանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:33:13