Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԿԱՅԱՑԱՎ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
25.04.2023
Այսօր տեղի է ունեցել Սյունիքի մարզի խորհրդի նիստը, որը վարել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը. մասնակցում էին Սյունիքի մարզի համայնքների ղեկավարները, ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ուժային կառույցների մարզային ղեկավարներ, մարզպետի աշխատակազմի անդամներ։
Նիստի օրակարգի առաջին կետը նվիրված էր պետություն-համայնք համաներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։
Դրանցով իրականացված աշխատանքների, մոնիթորինգի արդյունքում արձանագրված թերությունների և առաջնահերթ խնդիրների մասին զեկուցեցին Սյունիքի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հայկ Կարախանյանը և քաղաքաշինության վարչության պետին փոխարինող Արմեն Մարտիրոսյանը։
Նշվեց, որ 2022թ․ մարզում հաստատվել էր 28 սուբվենցիոն ծրագիր՝ մոտ 7 մլրդ դրամ գումարով, որից պետական մասնաբաժինը՝ 4,3 մլրդ դրամ։
2023թ․ համար սկզբնական սուբվենցիոն ծրագրերի 29 հայտերից ՀՀ ՏԿԵ նախարարություն է ներկայացվել 27 ամբողջական փաթեթ՝ սկզբնական նախահաշվային 7,9 մլրդ դրամ ընդհանուր արժեքով։
Դեռևս ընթացքի մեջ են 2021-ի 21 ծրագրերից 6-ը։
Մարզում 2022թ․ 29 սուբվենցիոն ծրագրերից 9-ն է դեռ անավարտ։
Մարզպետի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նարեկ Դավթյանը ներկայացրեց 2023թ. առաջին եռամսյակի արդյունքներով մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքման ընթացքն ու պատկերը։ Նշվեց, որ համայնքների բյուջեներով առաջին եռամսյակում նախատեսված 691 մլն դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի հավաքվել է 703 մլն դրամ, կամ՝ նախատեսվածի 101․7 տոկոսը։
Օրակարգի հաջորդ կետը վերաբերում էր առաջիկա շաբաթ օրը՝ ապրիլի 29-ին, հայտարարված համապետական շաբաթօրյակին, որի կազմակերպչական հարցերը ներկաների հետ քննարկեց մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։
ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրով նախատեսված մոնիթորինգի ընթացքի և խնդիրների մասին խոսեց Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոբերտ Կոստանդյանը։
Իրավաբանական բաժնի պետ Թամար Ստեփանյանը զեկուցեց 2022թ. Սյունիքի մարզում արձանագրված հանցագործությունների վիճակագրության ու Սյունիքի մարզի դատախազի միջնորդագրի մասին. խնդրին անդրադարձավ նաև մարզի դատախազ Մասիս Պողոսյանը։
Նիստի օրակարգի վերջին հարցը վերաբերում էր մարզի համայնքներում 2022թ․ իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքներին և այս տարի նախատեսված իրավական ու մասնագիտական հսկողության աշխատանքային ծրագրին, որը ներկայացրեց ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Սեյրան Ավետիսյանը։
Մարզի խորհրդի նիստին հընթացս քննարկվեցին այլ հարցեր ևս, ու տրվեցին հանձնարարականներ։