Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաշվետվություն ապրիլի 29-ի համապետական շաբաթօրյակի ընթացքում Սյունիքի մարզում իրականացված աշխատանքների մասին
29.04.2023
2023 թվականի ապրիլի 29-ին ՀՀ Սյունիքի մարզի ողջ տարածքում իրականացվել է համապետական շաբաթօրյակ։
Մարզի համայնքների ղեկավարներին տրամադրվել է համապետական շաբաթօրյակի գործողությունների պլանի ձևաչափը: Քննարկվել և համայնքներին է ներկայացվել բնական ու պատմական առավել խոցելի հուշարձանների և զբոսաշրջային այցելավայրերի (հատկապես՝ Շաքիի ջրվեժ, Գորիսի զանգեր, Սյունիքի դարպասներ, Վահանավանք, Տաթևի վանք, Սատանի կամուրջ, Խնձորեսկ) և այլ կարևոր պատմամշակութային տարածքների ցանկը, առաջարկվել է կատարել տարածքների կցագրման աշխատանքներ և ապահովել նշված վայրերի մաքրությունը: Մայրուղիների մաքրությունն ապահովելու նպատակով դրանք սահմանազատվել են ըստ համայնքների, նշանակվել կոնկրետ պատասխանատուներ:
Կատարվող աշխատանքներում` առավել խոցելի և կարևոր տեղերում, անհրաժեշտ մարդկային ներուժ ապահովելու նպատակով, հրահանգ է տրվել մարզի որոշ կրթական հաստատությունների և ուժային կառույցների՝ ընդգրկվելու սանիտարական մաքրության աշխատանքներին՝ ըստ նախապես որոշված տարածքների:
Իրազեկման նպատակով համայնքների և մարզպետարանի կայքերում տեղադրվել է համապատասխան տեղեկատվությունը:
Ըստ տվյալների՝ շաբաթօրյակին մասնակցել է 218 կազմակերպություն, մոտ 9700 մարդ, 175 միավոր մեքենա-մեխանիզմ, և օգտագործվել է 3500 գործիք:
Համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրվել է նաև ճամփեզրերի և գետերի հուներում առկա պլաստմասե տարաների, այլ բերվածքների մասնակի մաքրման աշխատանքներին:
Շաբաթօրյակի աշխատանքներն իրականացվել են ըստ նախատեսված պլանի` ապահովվել է աշխատանքների պատշաճ կատարումը: