Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՆՇՎԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐԸ
18.05.2023
Կապանում այսօր առավոտից մեկնարկեցին Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները։
Մինչ նախատեսված նախաձեռնություններն սկսելը, Եվրոպական միության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և ՀՀ-ում Շվեդիայի դեսպանատան խորհդական, զարգացման հարցերով ղեկավար, փոխդեսպան Կլաս Վալդենստրյոմը ԶԼՄ-ների համար ճեպազրույցում անդրադարձել են «Թիմ Եվրոպա» նախաձեռնությանը և դրա շրջանակներում մեկնարկած ծրագրին, որն ուղղված է Սյունիքի դիմակայունության բարձրացմանը։
Դեսպան Վիկտորինը ճեպազրույցում՝ որպես օրվա գլխավոր լավ լուր հայտնեց, որ ծրագրի մեկնարկին հայտարարված 51 մլն եվրոյի փոխարեն արդեն հաջողվել է, այլ մասնակից պետությունների ներգրավումով, Սյունիքում ներդրվող գումարն առաջիկա հինգ տարվա համար հասցնել 116 մլն եվրոյի։
Տոնակատարությունների ընթացքում Եվրոպական միության անդամ երկրներն ու նրանց գործակալությունները, միջազգային տարբեր կազմակերպություններ ներկայացրել են Սյունիքում իրենց կողմից իրականացվող կամ ֆինանսավորվող ծրագրերը։
Եվրոպայի օրվա միջոցառումների շարքում Կապանի համայնքապետարանը ներկայացրել է իր մշակած ծրագրային փաթեթը, որում նախանշված է համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման տեսլականը։
Այնուհետև միջոցառումների շրջանակում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և միջոցառումներին մասնակցող եվրոպական երկրների դեսպանները, դեսպանությունների ներկայացուցիչներն ու մարզի զարգացման ուղղությամբ ծրագրեր իրականացնող գործընկերները հանդիպում ունեցան Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ: Մտքեր փոխանակվեցին «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության», ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ:
Կապանում երեկոյան կայացած ամփոփիչ պաշտոնական ընդունելության ժամանակ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը գոհունակություն են հայտնել ԵՄ ու Սյունիքի միջև հաստատված ակտիվ փոխգործակցության վերաբերյալ, ևս մեկ անգամ վերահաստատել առաջիկա ծրագրերում համագործակցության պատրաստակամությունը, շնորհակալություն հայտնել «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությանը» միացած պետությունների դեսպաններին։
Հաջորդ օրը Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները շարունակվելու են Գորիսում։