Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՆԵՐ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ
19.05.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 18-ին ընդունել է Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում Սյունիք այցելած Եվրոպական միության պատվիրակության անդամներին՝ դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված շուրջ 14 պետությունների դեսպանների, դիվանագիտական այլ ներկայացուցիչների, միջազգային կառույցների ու ծրագրային թիմերի աշխատակիցների։
Նրանց բոլորին միավորում է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը», ու հանդիպման ընթացքում զրույցի հիմնական առանցքն այդ նախաձեռնության շրջանակներում մեկնարկած ու իրականացվելիք ծրագրերն էին։
Նախապես տարեսկզբին հայտարարված 51 եվրո ներդրման փոխարեն, այժմ դրա բյուջեն դարձել է 116 մլն եվրո, շնորհիվ նրա, որ նախաձեռնությանը միացել է ևս 5 պետություն, որոնց դեսպանները նույնպես ներկա էին․ ոմանք առաջին անգամ էին Սյունիքում։
Ռոբերտ Ղուկասյանը շնորհավորեց բոլորին Եվրոպայի օրվա կապակցությամբ ու շնորհակալություն հայտնեց նման մեծ ներկայացուցչական կազմով Սյունիք այցելելու համար, ինչպես նաև մարզի հանդեպ մշտական ուշադրության ու ներդրումային ծրագրերի համար։ «Վստահ եմ, որ բարձր մակարդակով իրականացված ծրագրերը, փոխհամագործակցությամբ արված աշխատանքները միշտ դրական արդյունքներ են տալիս։ Նման հանդիպումների ընթացքում ամեն անգամ համոզվում եմ, որ Սյունիքի համար զարգացման հնարավորություններն ավելի են ընդլայնվում և անելու եմ առավելագույնը, որ այս ծրագրերին մեր կողմից աջակցման բոլոր գործիքներն աշխատեն նպատակային՝ հանուն մարզի, հանուն մեր բնակիչների ու հանուն ժողովրդավարության», - ասաց մարզպետը։
Անդրեա Վիկտորինը նշեց, որ ուրախ է կրկին լինել այստեղ, քանի որ շատ է սիրում Սյունիքը․ «Այսօր այստեղ եմ բազմաթիվ երկրների դեսպանների հետ, ու սա լավ հնարավորություն է ցույց տալու, որ բոլորս միասին ենք Սյունիքին աջակցելու հարցում, պատրաստ՝ դրա համար համատեղելու մեր ջանքերը։ Իհարկե, տեղյակ ենք, որ անվտանգային բազում հարցեր կան, ու մեր ծրագրի մասնակիցների քանակն ավելացրել ենք ցույց տալու, որ իրապես ուզում ենք օգնել այս տարածաշրջանին։ Սա լավ հնարավորություն է առաջիկա տարիներին զարգացնելու մարզը ու նրա բնակիչներին տալու վստահություն և հույս, որ կարող են ապրել Սյունիքում, որ այստեղ կա տնտեսական, կրթական առողջապահական ու այլ բնագավառների առաջընթաց։ Այս գաղափարներն ու արժեքներն են միավորում բոլորիս»։
Ներկա դեսպանները մարզպետ Ռոբերտ Ղուկասյանից հետաքրքրվեցին մարզային խնդիրների առաջնահերթությունների մասին, նաև այն ուղղությունների, որոնցում պատրաստվում է ներդրում ունենալ «Թիմ Եվրոպա»-ն։