Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ՝ ԿԱՊԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆՈՒՄ
20.05.2023
Մարզային ենթակայության «Կապանի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ը ևս այսօր միացել էր համաեվրոպական «Թանգարանային գիշեր» միջոցառմանը։
Այն ներկայացավ «Եղվարդի գանձերը» խորագրով ցուցադրությամբ, դրան զուգահեռ ներկաները մինչ ուշ երեկո կարող էին դիտել նաև թանգարանի հիմնական ցուցադրությունը։
Միջոցառմանը ներկա էին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, մարզպետարանի այլ պատասխանատուներ։
Ներկաներին ողջունեց ու օրվա ցուցադրության պատմությունը ներկայացրեց թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը։
Իսկ թանգարանի տարածքում արհեստական պեղավայր էր բացվել, որտեղ պեղումներ էին կատարում Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտները։ Նրանք ներկայացնում էին նաև հնագիտական պեղումների մյուս փուլերը՝ իրերի մաքրումն ու լվացումը, չափագրումն ու գծագրումը, մարդաբանական նյութերի հետ աշխատանքը։
Թանգարանի այցելուների համար նաև վարպետաց դաս էր կազմակերպվել՝ երկաթեդարյան դաշույնի պատրաստում։
Կապանի արվեստի քոլեջի սաների մասնակցությամբ գեղանկարների մրցույթ էր կազմակերպվել, իսկ Կապանի արվեստի մանկական դպրոցի թատերարվեստի բաժինը, ուսուցիչ Արթուր Գաբրիելյանի ղեկավարությամբ, բեմադրեց Նինա Դանիելյանի «Կապանյան ուրվագծեր» ներկայացումը։
Կապանի երկրագիտական թանգարանը 2007 թվականից է միացել «Թանգարանային գիշեր» միջոցառմանը։