Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԿԱՊԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ «ԱՊԱՀՈՎ ԱՆԿՅՈՒՆԸ»
26.06.2023
ՀՀ ԱՍՀՆ «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում բացվեց հանրապետությունում երկրորդ “Barnahus”-ը կամ «Ապահով անկյունը»։ Սա բազմամասնագիտական, հատուկ հարմարեցված անկյուն է, որը ծառայելու է բռնությունից տուժած կամ բռնության ականատես երեխաների պաշտպանությունն իրենց լավագույն շահին համահունչ դարձնելու և բարելավելու նպատակին:
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը և այլ հյուրեր։
Անկյունն իրականություն դարձավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի «Հաշվետու հաստատությունները և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շնորհիվ, որն իրականացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ։
«Ապահով անկյունը» մի միջավայր է, որն այսուհետ թույլ է տալու սեռական բռնության և ծանր ֆիզիկական բռնության ենթարկված երեխաների հետ հարցազրույցները կազմակերպել ու իրականացնել երեխայակենտրոն մոտեցումներով։
Բոլորն իրենց խոսքում կարևորեցին այս միջոլորտային համագործակցությունը, որի արդյունքում անկյունում հայտնված երեխաներն իրենց առավել ապահով կզգան և նման միջավայրում երկրորդ անգամ սթրեսի չեն ենթարկվի, օրինակ ՝ իրավապահ մարմինների կողմից հարցաքննություն անցնելիս։
ԱՄՆ բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով բյուրոյի (BPRM) ֆինանսավորմամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու Վորլդ Վիժն Հայաստանի միջև համագործակցությամբ Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում նաև ավարտվել են վերանորոգման ու բարեկարգման աշխատանքները։ Հյուրերը շրջայցով ծանոթացան թարմացված սենյակներին ու այստեղ իրականացվող ծառայություններին։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելեց նաև Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոն։