Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԵՑԻ ՊԱՏԱՆԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ՌԴ-ՈՒՄ ՀԱՄԵՐԳՆԵՐԻ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ
11.07.2023
Սյունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ ու ընտրությամբ նախապես ներկայացված 5 տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողներից 3-ն ընտրվել ու մասնակցել են Սանկտ Պետերբուրգում կայացած «Հայաստանի երեխաները Նևայի ափին» նախագծին։
Համերգային ծրագրերի ընթացքում ելույթ են ունեցել Կապանի Ա․ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի սան Նարեկ Սարգսյանը, Կապանի արվեստի մանկական դպրոցի սան Յուրի Զարգարյանը և Էմմա Ասյանի անվան Սիսիանի երաժշտական դպրոցի սան Մերի Սուքիասյանը՝ նվագակցող և խմբի պատասխանատու Մարինա Նահապետյանի ուղեկցությամբ։
Նախագիծն իրականացրել են «Մեր գործը» բարեգործական հիմնադրամը (հոգաբարձուների խորհրդի նախագահ` Արամ Դանիելյան)` Ռուսաստանի վաստակավոր արտիստ Մարիա Սաֆարյանցի ղեկավարած «Սանկտ Պետերբուրգի պալատները» միջազգային երաժշտական փառատոնի հետ համատեղ։
Դրա շրջանակներում կայացան երեք համերգներ, որոնք տեղի ունեցան հուլիսի 2-ին՝ Հայկական եկեղեցուն կից «Վերնատան» դահլիճում, հուլիսի 4-ին` Ցարսկոսելսկի ճեմարանի դահլիճում՝ տեղի աշակերտների հետ համատեղ։
Իսկ հուլիսի 6-ին Պոլովցևի պալատի Բրոնզե դահլիճում կայացավ «Արվեստների վարպետները Հայաստանի երեխաների համար» բարեգործական գալա համերգը, որի ընթացքում, Սյունիքի երեխաները նույն բեմում ելույթ ունեցան Ռուսաստանի վաստակավոր արտիստների, նաև ֆրանսիացի կոմպոզիտոր Պատրիկ Ռադըլեի հետ։
Միջոցառման ժամանակ կազմակերպվել էր ցուցահանդես-վաճառք ևս, որի հասույթը կուղղվի Սյունիքի ու Արցախի 6 դպրոցների համար սարքավորումների և երաժշտական գործիքների ձեռքբերմանը: