Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վարչապետին են ներկայացվել Սյունիքի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ ծրագրերը
18.08.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կապանում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:
Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և պաշտոնատար այլ անձինք:
Խորհրդակցության սկզբում` մինչ հաշվետվության քննարկումը, վարչապետը նշել է, որ ցանկանում է հետևյալ արձանագրումն անել. «Այսօր մենք փորձարկեցինք Երևան-Կապան օդային չվերթը, օդանավով ժամանեցինք Կապան: Կարծում ենք, որ արդեն պատրաստ ենք Երևան-Կապան կանոնավոր չվերթներ իրականացնել: Մեր ծրագիրը հետևյալն է. օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն կլինեն կանոնավոր չվերթներ: Այսինքն` քաղաքացիները հնարավորություն կունենան ինքնաթիռի տոմս ձեռք բերել և օգտվել այդ տրանսպորտից: Իհարկե, որոշ դիտարկումներ ունեմ` կապված չվերթի, օդանավի հետ, բայց սկզբնական շրջանում նաև քաղաքացիները կօգտվեն, արձագանքները կլսենք, հետո, ըստ այդմ, բնականաբար ավելի կլավարկենք»:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ Երևան-Կապան կանոնավոր չվերթները կսկսվեն հաջորդ շաբաթվանից, իսկ տոմսերի վաճառքի սխեմաները մշակված են:
Անցնելով հաշվետվությանը՝ պատասխանատուները նախ զեկուցել են, որ Սյունիքի մարզի համայնքների սեփական եկամուտները 2022 թվականին նախատեսված են եղել 2 մլրդ 992 մլն դրամ, սակայն փաստացի կատարողականը կազմել է ավելի քան 3 մլրդ դրամ: 2022 թվականին 2021թ. համեմատ փաստացի աճը կազմել է 344,6 մլն դրամ կամ 12,8 տոկոս:
Տեղեկատվություն է ներկայացվել 2018-2022թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասին, ըստ որի` հաշվետու ժամանակահատվածում հաստատվել է 109 սուբվենցիոն ծրագիր՝ 21,8 մլրդ դրամի, որից պետական մասնաբաժինը կազմել է 12,9 մլրդ դրամ: Մասնավորապես, իրականացվել են փողոցների ասֆալտապատման՝ 30 կմ, ջրամատակարարման՝ 64 կմ, ոռոգման համակարգերի՝ 30 կմ, 26 բնակավայրերում լուսավորության, 22 մանկապարտեզների հիմնանորոգման և այլ աշխատանքներ:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի ծրագրի շրջանակում առաջիկայում Սյունիքում ևս կսկսվեն շինաշխատանքները, որոնց իրականացման մրցույթն արդեն ավարտվել է:
Նշվել է նաև, որ 2023 թվականին հաստատվել է սուբվենցիոն 24 ծրագիր՝ 6,6 մլրդ դրամի, որի պետական մասնաբաժինը կազմել է 4,1 մլրդ դրամ: 2024 թվականին նախատեսվում է իրականացնել 30 ծրագիր՝ 11 մլրդ դրամի, որից պետական մասնաբաժինը կազմում է 6,5 մլրդ դրամ:
Զեկուցվել է, որ մարզում ներկայումս կառուցվում է 3 նոր դպրոց: Նախորդ տարվա ընթացքում 51 դպրոցում 32,6 մլն դրամի շրջանակում իրականացվել է գույքի մասնակի արդիականացում, 36 դպրոցում՝ 48,1 մլն դրամի շենքային պայմանների մասնակի բարելավում, 46 դպրոցում գործում է ԱՐՄԱԹ լաբորատորիա:
Մարզի 139 բնակավայրերից 58-ում գործում է 43 նախադպրոցական ուսումնական հաստատություն՝ իր 23 մասնաճյուղերով, 6 այլընտրանքային խումբ և 13 դպրոցահեն նախակրթարան: Հիմնանորոգման կարիք ունի 12 հաստատություն, վերանորոգման՝ 19, ներկայումս վերանորոգվում է 4-ը:
Նշվել է, որ մարզում առկա է կաթի վերամշակման 20 կետ, որից 3-ը՝ Կապանում, 9-ը՝ Գորիսում, 3-ը՝ Տեղում, 5-ը՝ Սիսիանում: Սյունիքում գործում է 6 սպանդանոց, Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում կառուցվել է 3 խելացի անասնաշենք: Մարզի ընդհանուր ոռոգելի հողատարածքը կազմում է 8200 հա: Արոտավայրերը կազմում են 145 հազ․ հա հողատարածք, որից օգտագործվում է 36 հազ․ հա: Մարզում վարելահողերի տարածքը կազմում է 43,9 հազար հա, փաստացի օգտագործվում է 82 % -ը:
Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Սյունիքում հիմնվել են 51 հա ինտենսիվ այգիներ, որից պետական աջակցման ծրագրով հիմնվել է՝ 22 հա մրգատու այգի, 3 հա ծնեբեկի այգի: Մարզում առկա են 4,5 հա ջերմոցային տնտեսություններ, պահածոների և շշալցման 10 գործարաններ:
2022 թվականին մարզում իրականացվել են ընդհանուր 216 հա մակերեսով անտառապատման աշխատանքներ: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից 2022թ. մարզում կատարվել են անտառապատման և այլ աշխատանքներ. անտառապատվել է ընդհանուր 40 հա․ մակերեսով տարածք, Սիսիան համայնքում կառուցվել է 1000ք․մ ջերմատուն-տնկարան:
Նշվել է, որ Սյունիքի մարզում գործում է 5 բժշկական կենտրոն, 9 ԱԱՊԿ, 1 Նյարդահոգեբուժական դիսպանսեր, 100 ԲՄԿ: Բժշկական կազմակերպությունների առաջնային օղակում գրանցված բնակչության թիվը 119 հազար 136 է: 2022 թ․ մարզում գրանցվել է 1191 ծնունդ, 1109 մահ:
Ամփոփելով խորհրդակցությունը` վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ 2018 թվականից սկսած ՀՀ կառավարությունը Սյունիքի մարզում իրականացրել է 100 մլրդ դրամից ավելի ներդրումային ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը կարևորել է համայնքների սեփական եկամուտների շարունակական աճի ապահովումը, տեղական բյուջեների զարգացումը, որպեսզի սուբվենցիոն ծրագրերի ծավալները շարունակեն աճել: Վարչապետն անդրադարձել է Սյունիքի մարզում բնակարանների կառուցման ծրագրերի իրականացմանը, նվազ բնակչություն ունեցող գյուղերի բնակեցման ծրագրերի իրականացմանը, կրթահամալիրների կառուցմանը, որոնք պետք է համալրվեն նոր գույքով, իսկ հարակից ճանապարհները հիմնանորոգվեն, հանքարդյունաբերության ոլորտին, ժամանակակից գյուղատնտեսության ծրագրերի ընդլայնմանը, ջրամբարաշինությանը, զբոսաշրջության խթանմանը և տվել համապատասխան հանձնարարականներ: