Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ԿՐԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ

06.09.2023

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը սեպտեմբերի 5-ին մասնակցեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Սիսիանի մասնաճյուղի նորաստեղծ «Խելացի գյուղատնտեսական կենտրոնի» գյուղատնտեսական մեքենասարքավորումների ուսումնական և վերապատրաստման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը։

Այն կառուցվել է ՀԱԱ համալսարանի և Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված միջոցներով ու համատեղ ջանքերով։
Կենտրոնի ծառայությունները հասանելի կլինեն Սիսիանի և հարակից տարածաշրջանների բնակչության համար և տնտեսությունների արտադրողականությունն ու շահութաբերությունը ավելացնելու առումով կարևոր դեր կխաղան ինչպես սկսնակ ֆերմերների, այնպես էլ ողջ մարզի համար:
Կենտոնը նորություն է գյուղատնտեսական մասնագետների պատրաստման ոլորտում ոչ միայն մեր մարզում, այլև հանրապետությունում։ Ագրարային համալսարանը 2-րդ տարին է, ինչ սկսել է կենտրոնի կառուցումն ու արդեն ավարտվել են մեքենատրակտորային կայանի, խելացի անասնագոմի, ինտենսիվ այգու և առաջին ջերմատան հիմնումը, շարունակվում է այլ ենթակառուցվածքների շինարարությունը։
Իր ելույթում, շնորհակալություն հայտնելով կենտրոնի կայացման նախաձեռնողներին ու աջակիցներին, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մասնավորապես նշեց․
«Բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը շատ մեծ ներուժ ունի զարգանալու, բայց գործընթացները ոչ բոլոր տեղերում այն տեմպերն ու որակն ունեն, որ ցանկալի է։ Իսկ Սյունիքի մարզում գյուղատնտեսության ոլորտի զարգացումը օրակարգային ու հրատապ խնդիր է, ու դրա լուծումն առանց որակյալ մասնագետների պատկերացնել չենք կարող։ Մենք տարբեր տեղերում առանձին օրինակներ ունենք, թե ինչպես կարելի է գյուղատնտեսությունը նաև դիտարկել որպես բիզնես տեսանկյունից կարևոր մի բան, բայց ավանդական գյուղատնտեսական վարման ձևերը բավականին դժվարություններ են հարուցում։ Ու ամենամեծ խնդիրը, որին բախվում ենք, մասնագիտական հմտությունների ու գիտելիքների բացակայությունն է․ ահա այս առումով տվյալ ծրագրի կարևորությունը գերագնահատել չենք կարող։ Այսօրվա իրականության մեջ, ինչպես ջրային ռեսուրսների կառավորումը, այնպես էլ պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից գյուղոլորտի զարգացումը հրատապ են»։
Նշենք, որ արդյունավետ գործընկերության համար ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը հուշանվեր հանձնեց մարզպետին։
Ցուցատախտակի բացումից հետո հյուրերը ծանոթացան կենտրոնի հնարավորություններին ու տեխնիկական հագեցվածությանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 12:44:51