Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿՐԹՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

07.09.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը սեպտեմբերի 6-ին այս ուստարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունն էր հրավիրել մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ։
Շնորհավորելով 2023-24 ուսումնական տարվա մեկնարկի առիթով՝ մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց կրթօջախների ղեկավարներին՝ նախորդ տարում հաջող գործունեության ու մարզային իշխանության հետ համագործակցված, արդյունավետ աշխատանքի համար։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթությանն ու ուսումնական գործընթացին առնչվող մի շարք թեմաներ ու խնդիրներ։
Մարզպետը նշեց, որ անկախ ենթակայության ձևից, նաև ավագ դպրոցներն են մարզպետի աշխատակազմի ուշադրության կենտրոնում, և անդրադարձ կլինի նրանց խնդիրներին ևս։ Տնօրեններին փոխանցվեց նաև հորդորը, որ իրականացվող ծրագրերն ու համագործակցությունը միջազգային և տեղական դոնորների հետ պետք է լինեն մարզպետի աշխատակազմի համակարգմամբ՝ դրանք նպատակային, չկրկնվող ու թիրախային դարձնելու համար։ Աշակերտների ու մանկավարժների անվտանգ երթևեկն ապահովելու համատեքստում քննարկվեց նաև նրանց տեղափոխող տրանսպորտի աշխատանքի կանոնակարգման հարցը։
Մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը տնօրենների հետ խոսեց մարզում նոր դպրոցաշինության, մանկավարժների թափուր հաստիքների համալրման, ոլորտին առնչվող իրավական նոր փաստաթղթերի քննարկումներին ակտիվորեն մասնակցելու, դպրոցներում պետական խորհրդանիշների հանդեպ ուշադրության մասին։
Մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն իր ելույթում անդրադարձավ 2022-2023 ուստարում արձանագրված հաջողություններին, կամավոր ատեստավորման գործընթացին, դասագրքերի խնդրին ու առաջիկա անելիքներին։
Մարզպետը խորհրդակցության ընթացքում մեկ կարևոր ուղերձ ևս հղեց կրթօջախների ղեկավարներին․
«Դպրոցները պետք է ապաքաղաքականացված լինեն, որևէ մեկն իրավունք չունի քաղաքականացնել կրթօջախները․ դրանց նշանակությունը միայն երեխաների կրթությունն ապահովելն է, ու այլ նպատակ չունեն»։
Ողջունելով մարզում դպրոցականների գիտական փառատոն անցկացնելու՝ Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրենի հնչեցրած առաջարկը՝ Ռոբերտ Ղուկասյանը ներկաներին խնդրեց նաև առավել ակտիվ լինել այս առումով ու հանդես գալ նորարարական գաղափարներով, ծրագրերով, բացառիկ աշակերտների զարգացմանը նպաստող նախաձեռնություններով․
«Մարզպետի աշխատակազմը կաջակցի նման ծրագրերին, առաջարկեք ու կիրականացնենք, պատրաստ եմ կանգնել կրթությանն ու գիտությանը վերաբերող նոր, չկրկնվող յուրաքանչյուր դրական նախաձեռնության կողքին»։
Խորհրդակցության ընթացքում նաև հարցեր ու պատասխաններ հնչեցին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16