Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ԻՍՊԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

22.09.2023

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին և Իսպանիայի դեսպանության Երևանի գրասենյակի գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոյին։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել դեսպանին այս դժվարին օրերին Սյունիք այցելելու համար։
Դիվանագետը նշել է, որ եկել են Սյունիք՝ իրենց աջակցությունն արտահայտելու, ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքին ծանոթանալու, նաև իսպանական կողմի օժանդակությամբ «Հայկական Կարիտասի» կողմից սահմանամերձ բնակավայրերում իրականացվող ծրագրի դիտարկման համար։
Պատասխանելով Մարկոս Գոմես Մարտինեսին հետաքրքրող հարցերին՝ Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է Սյունիքի տնտեսության կառուցվածքը, հիմնական զարգացած ճյուղերն ու խնդիրները։
Առանձին անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին և դրան արձագանքելու սյունիքյան պատրաստակամությանը․ մարզպետը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում Սյունիքը պատրաստ է ընդունել ու հյուրընկալել այնտեղի բնակիչներին և այդ առումով աջակցել մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղված գործողություններին։
Իսպանիայի դեսպանը խոսել է նաև տնտեսության այն ճյուղերի մասին, որոնք կարող են ներդրումային հետաքրքրություն ներկայացնել իսպանացի գործարարների համար՝ խոստանալով նրանց դեպի Սյունիք ուղղորդել։
Քննարկվել են երկուստեք համագործակցության խորացման ու հետագա համատեղ աշխատանքի հետ կապված մի շարք հարցեր ևս։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16