Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ՝ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

05.10.2023

 Սիրելի՛ ուսուցիչներ

Հոկտեմբերի 5-ը ուսուցչի մեծարման, նրա աշխատանքի գնահատման օրն է, ու մասնագիտական տոնի կապակցությամբ ձեզ եմ փոխանցում իմ ամենաջերմ մաղթանքները, խոնարհումն ու երախտագիտությունը, շնորհակալությունը՝ նվիրումի ու անչափ պատասխանատու առաքելության համար։
Գիտեմ՝ շատերիդ հոգում այս բարդ ժամանակաշրջանում անհանգստություն է հայրենիքի սահմանների, տեղահանված մեր հայրենակիցների, բազում երիտասարդ կյանքերի կորստի համար, բայց այսօր հենց ձեզնից, առավել քան երբևէ, ուժ և տոկունություն եմ ակնկալում ամենօրյա աշխատանքում։ Քանզի դուք եք կրթում, դաստիարակում հայրենասեր, մարտնչող ոգով զինվորին, երկրի զարգացումն ապահովող ապագա մասնագետներին։ Խնդրում եմ՝ շարունակե՛ք դասարան մտնել այն գիտակցումով, որ ամուր հայրենիքի հիմքը դնողը, մեր երկրի քաղաքացու մեջ ճիշտ արժեքներ, պայքարի ուժ, հաղթանակի հավատ սերմանողը դո՛ւք եք՝ որակյալ կրթություն ապահովելով։
Բոլորիս համար է պարզ, որ հաղթանակ պետք է տանի ոչ միայն զինվորը, այլև գիտնականը, արվեստագետը, բժիշկն ու արհեստավորը, և դո՛ւք եք սովորեցնում ամուր լինել կյանքի ճանապարհին։
Խնդրում եմ նաև հնարավորինս արագ ու ջերմորեն ինտեգրել և ուսման բնականոն հուն ապահովել ԼՂ-ից մեր մարզում հաստատված աշակերտների համար, աշխատանքային մթնոլորտ՝ ձեր շարքերը համալրող գործընկեր մանկավարժների համար։
Եվս մեկ անգամ շնորհակալություն՝ ձեր կատարած աշխատանքի, չմարող խանդավառության, համբերատարության, իմաստնության և աշակերտների հանդեպ սիրո համար։
Խաղաղություն եմ մաղթում Հայոց երկրին և այնպիսի միջավայր ու անհոգ ուսումնական առօրյա մեր կրթօջախներում, որ մտածեք միմիայն սաներին կրթելու մասին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36