Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՈՒ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ԽՈՍՔԵՐ՝ ԳՈՐԻՍԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

06.10.2023

 Ասօր Գորիս է այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը եղել է Գորիսի պետական համալսարանում՝ հանդիպելով սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչներին ընդունելու, աջակցելու գործընթացում կամավոր ներգրավված ուսանողների հետ։
Նախարարը նշեց, որ սրտանց ու անհատապես շնորհակալություն է հայտնում բոլորին․ «Այդ ծանր օրերին ձեր կատարածի նշանակությունն ու կարևորությունը գերագնահատել հնարավոր չէ։ Դուք այդ օրերին դարձաք օրինակ բոլորի համար։ Մեր հազարավոր հայրենակիցներ, անցնելով սարսափելի դժվարությունների միջով, շատ երկար ճանապարհից հետո այստեղ տեսել են ձեր հոգատարությունը, ջերմությունը: Դուք ստեղծել եք մի մթնոլորտ, որ նրանք հասկանան՝ հայրենիքում են, սիրված են, հարազատ են»։
ԳՊՀ-ի 60 ուսանող կամավոր ընդգրկվել էր տեղահանվածների դիմավորման, հաշվառման, կարիքների գնահատման, սննդի ու այլ պարագաների տրամադրման, տարբեր խնդիրների դեպքում ուղղորդելու և այլ հրատապ գործընթացներում։ Նրանք նաև խմբեր կազմած համակարգում էին իրենց կցված դպրոցական կամավորների աշխատանքը, ինչպես նաև աջակցում տարբեր բարեգործական կազմակերպությունների կողմից իրականացվող գործողություններին:
Նախարարը հավելեց․ «Վստահ եմ՝ առաջիկայում Գորիսի պետական համալսարանը ջերմորեն կդիմավորի նաև այն ուսանողներին, ովքեր իրենց ընդհատված կրթությունը հայտնի պատճառներով պետք է շարունակեն մեր բուհերում»:
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, որն անմիջապես մասնակցել էր Գորիսում իրականացվածին ու տեսել կամավորների նվիրվածությունն ու անխոնջ աշխատանքը, ևս շնորհակալություն հայտնեց ուսանողնեին ու ասաց․ «Խնդրում եմ՝ ձեր ծնողներին փոխանցեք իմ շնորհակալությունն ու խոնարհումը, որ դուք այսպիսին եք ու պատրաստ եք ցանկացած իրավիճակում օգնել»։
ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը ներկայացրեց այն աշխատանքներն ու դրանց կազմակերպման մանրամասները, որ կատարել են կամավորները․ «Ձեր օրինակը նաև վարակիչ էր հանրապետությունում, 1-2 օր հետո, երբ բոլորը տեսան, թե ինչ է այստեղ կատարվում, այլ բուհերից ևս զանգահարում էին ինձ ու առաջարկում կամավորներ ուղարկել»։
Իրենց ապրումները, այդ օրերի տպավորությունները, առանձին պատմություններ ներկայացրեցին իրենք՝ ուսանողները, ոգևորությամբ պատմեցին իրենց օգնող դպրոցական կամավորների մասին։ Նշվեց, որ ուսանողները շարունակում են ընդգրկված մնալ տեղահանված ընտանիքներին օգնելու տարբեր նախաձեռնություններում։
Ժաննա Անդրեասյանը Գորիսի պետական դրամատիկական թատրոնի դահլիճում հանդիպեց կամավորություն արած գորիսեցի աշակերտներին ևս։ Գորիսի դպրոցներից 1047 աշակերտ կամավոր էր այդ օրերին։
Նշենք, որ իհարկե, ուսանող, աշակերտ ու այլ կամավորներ կային մարզի մյուս համայնքներից ևս, բայց աշխատանքի հիմնական ծանրությունը գորիսեցիների ուսերին էր։
Այցի շրջանակում նախարարը եղավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում՝ հետաքրքրվելով տեղահանված աշակերտներին, նաև նրանց հետ աշխատող մանկավարժներին ցուցաբերվող հոգեբանական աշխատանքով։
Ժաննա Անդրեասյանն այցելեց նաև Գորիսի թիվ 1 ավագ ու թիվ 2 հիմնական դպրոցներ՝ հանդիպելով ու զրուցելով Սյունիքում հաստատված ու արդեն դպրոց հաճախող՝ ԼՂ-ից տեղահանված աշակերտների հետ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16