Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԵՐ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

11.10.2023

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության ու Հայկական Կարմիր խաչի ընկերության Սյունիքի ներկայացուցիչներին։

Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել նրանց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Սյունիքում ընդունելու և առաջնային կարիքները հոգալու գործընթացում ունեցած մեծ ներդրման ու մարզում բոլոր կառույցների հետ կատարած միասնական կարևոր աշխատանքի համար։
Մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց հերթին հակիրճ ամփոփել են արածը՝ նշելով, որ իրենք փորձել են օգնել ինչով հնարավոր է, իսկ հիմնական ծանրութունը մարզային, տեղական ու պետական կառույցների ուսերին էր։
Քննարկվել են տեղահանված անձանց օգնելուն միտված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերն ու հնարավորությունները, դրանց առաջնահերթ ուղղությունները, արդյունավետ, թիրախային համագործակցության համար՝ մարզային իշխանության և գործընկեր կազմակերպությունների միջև համակարգված համատեղ աշխատանքի կարևորությունը։
—————————————————————————————
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է «Մարդը կարիքի մեջ» (PIN) կազմակերպության ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում նախ անդրադարձ է եղել արդեն մեկնարկած՝ «Գործընկերություն Սյունիքի համար․ ընդլայնված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի իրականացման ընթացքին ու դրա հետ կապված խնդիրներին։
Քննարկվել են նաև հնարավոր աջակցման ու զարգացման ծրագրերը, որոնք գործընկերները կարող են իրագործել մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ՝ ԼՂ-ից տեղահանված անձանց՝ Սյունիքում հաստատվելու ու ինտեգրվելու համար։
——————————————————————————————
Այսօր Ռոբերտ Ղուկասյանը հանդիպեց նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին։
Մարզպետը շնորհակալություն հայտնեց ԼՂ-ի բռնի տեղահանված բնակիչներին ընդունելիս ցուցաբերած աջակցության համար ու նշեց․
«Այն, ինչ կատարվեց այդ օրերին, մարզի դիմադրողականության, միասնականության, պատրաստվածության իմաստով, հնարավոր դարձավ լավ կազմակերպված համատեղ ճկուն աշխատանքով, ու առաջնային կարևորության խնդիրները լուծվեցին նաև ձեր շնորհիվ»։
Սյունիքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի համակարգող Հեղինե Ղուկասյանը, պատասխանելով Ռոբերտ Ղուկասյանին, ասաց․ «Ձեզ ենք շնորհակալ, որովհետեւ այն աշխատանքը, որ մինչև այս ճգնաժամային իրավիճակն էլ մարզում տարվել էր միջազգային կազմակերպությունների հետ առօրյա աշխատանքում, մշտապես իրականացվող ծրագրերը համակարգելու մարզային իշխանության գործելակերպը արդեն փոխադարձ վստահության մթնոլորտ էին ստեղծել»։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների և երիտասարդների պաշտպանությանն ու նրանց կարիքների հետ կապված խնդիրների լուծմանն ուղղված հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36